
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի վարքը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտնելով, որ անհայտ համարներից իր կյանքին և ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ է ստանում: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի և պատգամավոր Արման Բաբաջանյանի հակամարտության՝ հանրությանը երևացող հատվածը գրանցվեց Ազգային ժողովում, մարտի 3-ին:
Ամբիոնից ելույթ ունեցող ԲԴԽ նախագահին Բաբաջանյանն ասել էր. «Եկել եք սատանի մայլեն քանդրբազություն եք անում։ Ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»։ Պատգամավորը Վարդազարյանին անվանել էր «արհավիրք» և «վնգստացող» դատավոր:

Ռուբեն Վարդազարյանն ասաց, թե դատավորի էթիկայից ելնելով՝ ինքը նույն բառապաշարով Բաբաջանյանին չի պատասխանի, բայց խոստացավ՝ դիմելու է Ազգային ժողովի խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, որ պատգամավորին ենթարկեն կարգապահական պատասխանատվության:
Ազգային ժողովի նախագահին ուղղած դիմումում Ռուբեն Վարդազարյանը համարում է, որ Արման Բաբաջանյանը պատգամավորին ոչ վայել վարքագիծ է դրսևորել, վիրավորել իր պատիվն ու արժանապատվությունը, և առաջարկում է պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի օրենսդրական բարեփոխումներով զբաղվող Մարիա Կարապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ Արարատ Միրզոյանը չունի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու լիազորություն:

«Ազգային ժողովի նախագահը, ամենայն հավանականությամբ, կուղարկի այդ նամակը խմբակցություններին, որոնք ունեն լիազորություններ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշում Ազգային ժողովի շրջանառության մեջ դնելու։ Յուրաքանչյուր խմբակցություն իր համար կկայացնի այդ որոշումը»,-ասել է պատգամավորը։
«Իմ քայլի» օրակարգում, Մարիա Կարապետյանի խոսքով, այս պահին էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարց չկա: Նկատենք, որ ինչպես ցանկացած, այնպես էլ էթիկայի հանձնաժողովի ստեղծման հարցում, որոշիչ է հենց «Իմ քայլի» խմբակցության դիրքորոշումը:
Եվ որպեսզի էթիկայի հանձնաժողովի ստեղծումը կախված չլինի մեծամասնությունից ու չքաղաքականացվի, խորհրդարանը փորձում է գտնել օրենսդրական կարգավորման տարբերակ, որ հանձնաժողովը գործի մշտական հիմունքներով, հարցերը քննության առնի սեփական նախաձեռնությամբ և, ամենակարևորը, դրանում ընդդիմությունն ու իշխանությունը ունենան հավասար ներկայացվածություն:

«Այս պահի դրությամբ, կարծես, ճակատագիրը կանխորոշված է, որովհետև եթե մեծամասնությունը քվեարկում է և կայացնում որոշում էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, դա արդեն հուշում է նաև, թե ապագայում այդ հանձնաժողովում որոշումը ինչպես կքվեարկվի։ Ոչ պարտադրաբար, բայց նման կանխավարկած կարող է լինել, ինչը գործընթացը դարձնում է գերքաղաքականացված»,-խոսքն ամփոփում է Կարապետյանը։
Էթիկայի հանձնաժողովի ստեղծման հարցն այսօր կարգավորվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով: Մարիա Կարապետյանն ասում է՝ որպեսզի մշակվող փոփոխությունները հետո Սահմանդրությանը չհակասեն, իրենք կփորձեն դրանք ներառել մայր օրենքի փոփոխությունների նախագծում:




