
Արդեն մեկ տարի Հայաստանում ավտոմեքենաների ներկրման բումն ավարտված է։ 2020 թվականի հունվարը երրորդ երկրներից մեքենաների ներկրման արտոնյալ ժամանակահատվածի վերջնաժամկետն էր։ Մասնագետները զգուշացնում էին՝ որքան հաճելի են ներկրման աճի բյուջետային հետևանքները, նույնքան ցավոտ է լինելու այդ ներմուծման կրճատումը։ Կանխատեսումները հիմնականում իրականացել են․ վերջին մեկ տարում մեքենաների ներկրման ծավալները նվազել են շուրջ 25 անգամ։
Ոստիկանությունից «Ռադիոլուր»-ին տրամադրված տվյալների համաձայն՝ 2021 թ․ փետրվարին Հայաստանում հաշվառված է եղել 865 837 ավտոմեքենա։ Այլ կերպ՝ մեր երկրում ամեն երրորդ բնակչին բաժին է ընկնում մեկ մեքենա։ Տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը նկատում է՝ Երևանում բնակչության թիվը մեկ միլիոնից ավելի է, ուստի մեքենաների ծանրաբեռնվածությունը բաժին է ընկնում հենց մայրաքաղաքին։ Հստակ չէ, թե հաշվառված մեքենաների որ մասն է շահագործվում Հայաստանում, բայց վիճակագրական տվյալների համադրումը փաստում է․
«Երևանում 1․5 բնակչին բաժին է ընկնում մեկ ավտոմեքենա։ Աշխատունակ բնակչության հաշվարկով ՝ մեկ ավտոմեքենա է բաժին է ընկնում երկու աշխատունակ բնակչին»։
Այս պահին ավտոմեքենաների շուկան, տնտեսագետի կարծիքով, լճացած է։ Արդեն մեկ տարի Հայաստանում ավտոմեքենաների ներկրման բումն ավարտված է։ 2020 թվականի հունվարը երրորդ երկրներից մեքենաների ներկրման արտոնյալ ժամանակահատվածի վերջնաժամկետն էր։ Սրանով պայմանավորված՝ վերջին մեկ տարում մեքենաների ներկրման ծավալները նվազել են շուրջ 25 անգամ։
2020-ին մաքսազերծվել է 7300 մեքենա՝ 2019–ի 189 հազարի փոխարեն։ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանի խոսքով՝ մեքենաների ներկման ծավալների կտրուկ անկումը սպասելի էր․
«2020 թվականին մեքենաներ են ներկրվել հիմնականում ԱՄՆ–ից։ 2020–ին մաքսազերծվել է 7300 մեքենա, 2019–ի՝ 198 հազարի փոԽարեն։2019–ին աննախադեպ թիվ էր սա»։
ՊԵԿ-ում 2020թ․ հունվարին ներդրվեց նախնական հայտարարագրման ինստիտուտը, որով փաստաթղթերը լրացրած քաղաքացիները հնարավորություն ստացան մեքենաները մաքսազերծել նախկին արժեքով։ Մինչև 2020 թվականը ավտոմեքենաները Հայաստան էին ներկրվում Գերմանիայից, Ճապոնիայից, ԱՄՆ–ից , Կորեայից։ 2020-ին փոխվել են ներկրման աշխարհագրությունը, ներկրվող մեքենաների տարիքն ու մակնիշները։

«Անցած տարիներին Հայաստան են ներկրվել հիմնականում վնասված, տարեթվով նոր, սակայն շատ շահագործված ավտոմեքենաներ։ Սա պայմանավորված էր նրանով, որ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներում այդ մեքենաները մատչելի արժեք ունեին։ Մեր հասարակությունն էլ դա էր նախընտրում։ Հիմնականում ներկրվել են էժան գնի պատճառով, բայց ռիսկերը շատ են՝ տրասնպորտային անվտանգություն, շահագործման կանոնների պահպանում»։
Ավտոմեքենաների ներմուծման բումի ավարտը փոխել է նաև այդ ոլորտից ստացվող բյուջետային եկամուտների պատկերը։ 2019-ին այս ուղղությամբ բյուջեի մուտքերը հասել էին շուրջ 200 մլն դոլարի։ 2020-ին այդ թիվն էականորեն նվազել է։ Իրավիճակը փրկել է մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությունը։
Այդ փոփոխությունը զրուցակիցս կոնկրետ օրինակով է ներկայացնում․ եթե նախկինում 2001արտադրության «Opel» մակնիշի մեքենան մաքսազերծվում էր 70 եվրոյով, ապա այժմ՝ 2–3 հազար եվրոյով։
«Եթե նախկինում Եվրոպայից գնում էին 500 կամ 600 եվրոյով, և մեքենայի վերջնական արեքը կազմում էր մոտ 3 հազար եվրո, ապա այժմ նմանատիպ մեքենայի արժեքը 6–7 հազար եվրո կկազմի։ Մաքսազերծումը մի քանի անգամ ավելի է գնից։ Ուստի՝ մարդիկ նախընտրում են նոր մեքենաներ ներկրել»։
Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է էլեկտրական շարժիչով մեքենաների թիվը։ Դրանք ներկրվում են՝ առանց մաքսատուրքի։ 2018–2019թթ Հայաստանում շահագործվել է էլեկտրական շարժիչով շուրջ 150 մեքենա։ 2020–ի տվյալները դեռ ամփոփվում են։ Մասնագետներն ասում են, որ էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաների շահագործումն անվտանգ է նաև բնության համար։




