
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը անհետ կորած անձանց իրավական կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում: «Անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկմանը պատգամավորը հայտարարեց, որ կարևորում է հարցը, քանի որ դրանով կսահմանվի անհետ կորածի կարգավիճակը: Այսօր անհետ կորածի սոցիալական երաշխիքների հարցը կարգավորվում է կառավարության որոշմամբ: Պատգամավորն ասում է. «Դատարան դիմելու պարագայում ծախսերը մնում է դիմող կողմի վրա, ինչը բարոյական տեսանկյունից ճիշտ չէ»։
Հայաստանում անհետ կորած անձանց մասին առանձին օրենք չկա, թեպետ 2007 թվականից համապատասխան նախագիծը շրջանառության մեջ դնելու փորձեր արվել են: 2011թվականին խոչընդոտներ են ծագել խնդրով զբաղվող որոշ գերատեսչություններում. նախագծի եղած տարբերակը համարվել է ժամանակավրեպ, հետո ասել են, թե օրենքի կարգավորման առարկայի հետ կապված խնդիրներ կան: Այժմ պետք է հստակեցվի անհետ կորած անձանց իրավական կարգավիճակը։ Նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ. Նազելի Բաղդասարյանն ասաց, որ բոլոր շահագրգիռ անձինք կարող են առաջարկություններ ներկայացնել:
Անհետ կորածների և նրանց ընտանիքների խնդիրների կարգավորման համար անհետաձգելի է հիմնաքարային օրենքի ընդունումը,-կարծում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում։ Հենց նրանք են տարիներ առաջ պատգամավորների հետ միասին օրենքի նախագիծ մշակել: Նախագիծը երկար ու անօգուտ շրջել է պետական մարմիններում: Գրասենակի ղեկավար Արթուր Սաքունցը ասում է, որ օրենքում պետք է կարևորվեն հատկապես անձի անհետացման հանգամանքները:

«Թե ինչ հանգամանքներում է պատերազմական գործողությունների ընթացքում պետության հսկողության ներքո գտնվող ու նրա հրամանը կատարող անձը անհետացել։ Քանի որ, եթե դու այդ ուսումնասիրությունը չես կատարում, հետագա փնտրտուքների արդյունավետության երաշխիքը ապահովված չէ»,-ասում է Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցի խոսքով՝ անհետ կորածը չպետք է դատարանի որոշմամբ ճանաչվի մահացած, նրան պետք է տրվի կարգավիճակ՝ առանց դատական գործընթացի։
Օրենքի նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ, դրա առանցքային սահմանումները հայտնի չեն, բայց խնդրի կարգավորմամբ զբաղվող մարմիններն ասում են, որ օրենսդրական որոշ ձևակերպումներ կարող են խնդրահարույց լինել: Ազգային ժողովում քննարկմանը մասնակցող Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այս փուլում օրենքի ընդունումը նպատակահարմար չեն համարում, իսկ Պաշտպանության նախարարությունում կարծում են, որ անհետ կորած անձանց առնչվող խնդիրները, գրեթե ամբողջությամբ, կարգավորվում են այլ օրենքներով: Արտգործնախարարությունը խնդիրը առանձին օրենքով կարգավորելու հարցում սկզբունքային առարկություններ չունի:
Քննարկման հիմնական ու, թերևս, առավել հետաքրքիր, մանրամասներ բովանդակող հատվածը անցավ առանց լրագրողների:
Քննարկմանը հրավիրվել, բայց չէին մասնակցում միջազգային կառույցների ներկայացուցիչները։ Պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց՝ հրաժարվել են գալ Ազգային ժողով՝ անվտանգության նկատառումներով: Խորհրդարանի մուտքերը՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում, փակ են պահում «Հայրենիքի փրկության շարժման» անդամները:




