
ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան։ Այս մասին ասված է Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Հայտարարությունը՝ ստորև․
«Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է:
Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է:
Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին»:
Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու վերաբերյալ՝ այն հիմնավորմամբ, որ առաջարկն առերևույթ հակասում է Սահմանադրությանը։ Նախագահի առարկությունը հրապարակվեց, որտեղ նա հղում է անում «Պաշտպանության մասին» օրենքին, որով Գլխավոր պետը նշանակվում է հինգ տարով, և վաղաժամկետ պաշտոնանկության կարգ սահմանված չէ։ Նախագահը նաև շեշտել է, որ վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջող Գլխավոր շտաբի պետի հայտարարությանը միացել են չորս տասնյակից ավելի բարձրաստիճան զինվորականներ, և Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կարող է հանգեցնել այդ կառույցի բնականոն գործունեության խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական վտանգներով։
Վարչապետը նախագահի այս առարկությանը կարճ արձագանքեց․ պարզապես կրկնեց Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու իր առաջարկը՝ ակնկալելով, որ այս անգամ կստորագրվի։




