ԿարևորՀասարակություն

Անհետ կորածներին պե՞տք է հատուկ կարգավիճակ տրվի․օրենքը փոխելու մոտեցումներն իրարամերժ են

Հարյուրավոր անհետ կորածների խնդիրների համատեքստում «Անհետ կորածի մասին» հիմնաքարային օրենքի ընդունումն անհետաձգելի է՝ կարծում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում։ Սակայն հարցի շուրջ մոտեցումները տարբեր են։ Պետական հատվածում և իրավաբանական հանրությունում կարծում են՝ առանձին օրենքի խնդիր չկա, քանի որ հարցերը լուծվում են տարբեր օրենքներով, իսկ գլոբալ հարցը՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի իրացումը, որևէ օրինագծով հնարավոր չէ լուծել։

«Անհետ կորած»-ի իրավական սահմանումն օրենքով ամրագրված չէ, ինչի հետևանքով անհետ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել մահացածի կարգավիճակի հաստատմանը, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել պետության սոցիալական աջակցությունից։ Անհետ կորածների և նրանց ընտանիքների հիմնախնդիրների  կարգավորման համար անհետաձգելի է  հիմնաքարային օրենքի ընդունումը՝ կարծում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում։

Այս դիտարկումների հիմքով գրասենյակը մշակել է «Անհետ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ ներկայացնելով  պետական մարմինների քննարկմանը։ Տարիներով այն պտտվել է պետական մարմիններում։ Իսկ այսօր այս հարցն ավելի քան արդի է՝ կարծում է գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ 

«Մենք խթանել ենք, մենք խնդիրը ցույց ենք տվել, մենք նախաձեռնել ենք, բայց հասել ենք այն բանին, որ պետության կողմից ինչ-որ մշակում լինի»։   

Նախագծով նախատեսվում է նախ անհետ կորածի իրավական կարգավիճակի սահմանում, նաև անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի կորածի ճակատագրով, գտնվելու մասին տեղեկությունների ձեռքբերմամբ, անհետ կորչելու հանգամանքների քննությամբ։ Դա պետության պատասխանատու վերաբերմունք է․ իրավապաշտպան ՀՔԱՎԳ-ում կարծում են, որ անհետ կորածը չպետք է դատարանի որոշմամբ ճանաչվի մահացած, այլ պետք է ունենա կարգավիճակ՝ առանց դատական գործընթացի։ Խնդիրները միայն սրանք չեն՝ ասում է գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը։   

«Օրենքը, միանշանակ է, որ պիտի լուծեր կարգավիճակի խնդիրը, սոցիալական խնդիրները, նաև մեր կազմակերպության համար շատ սկզբունքային էր ներառել պատասխանատվության հարցը, այսինքն, թե ինչ հանգամանքներում են անհետ կորել  քաղաքացիները։ Հետևաբար, նաև հետաքննության և պատասխանատվության կանչելու մեխանիզմների անհրաժեշտությունն ենք բարձրաձայնել»։     

ԵՄ-ում գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը «Ռադիոլուրին» ասաց՝ օրենքի նախագծին ծանոթ չէ, բայց և շեշտեց՝ անհետ կորածի կարգավիճակը գործող օրենսդրության արդեն սահմանված է։

«Եթե չարաշահումներ չլինեն իրավակիրառական պրակտիկայում, առնվազն սոցիալական և այլ երաշխիքների մասով այս մարդիկ գործող օրենքներով պաշտպանված են»։ 

Ինչ վերաբերում է անհետ կորածին մահացած ճանաչելուն, որպեսզի   հարազատները կարողանան արագ օգտվել սոցիալական և այլ  իրավունքներից, ապա փաստաբան Սիրանուշ Սահակյանը նկատեց՝  այդ առումով կրճատված ժամկետեր են սահմանված։ Այսինքն, քաղաքացիաիրավական հարաբերություններում ևս խնդիրը լուծված է։ Ըստ փաստաբանի, սակայն, որևէ նախագծով գլոբալ խնդիրը չի լուծվում.

«Իսկ գլոբալ խնդիրը՝ հասկանալ այս անձանց ճակատագիրը, նման օրենսդրական նախաձեռնություններից որևէ մեկը ունակ չէ լուծելու։ Եթե ճշմարտության իրավունքի մասին ենք խոսում, որ յուրաքանչյուր ընտանիքի անդամ պետք է իրավունք ունենա տեղեկանալ թե ինչ տեղի ունեցավ իր ազգակցի հետ, որը մեղմելու է հետագա տառապանքները (և ես մարդու իրավունքների տեսանկյունից հենց այս բաղադրիչն եմ կարևորում), ապա այս մասով առաջարկվող նախագծերը որևէ նշանակություն չունեն և չեն կարող ունենալ»։   

Անհետ կորածների հարցերին օրենսդրական նոր կարգավորում տալու առումով տարբեր են դիրքորոշումները պետական համակարգում։ Արդարադատության նախարարությունը, հղում անելով ՀՀ ՊՆ-ին,  ներկա փուլում օրենքի ընդունումը նպատակահարմար չի համարում, իսկ ՊՆ-ում համարում են, որ այս հարցերը գրեթե ամբողջովին կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ։

Մինչդեռ ԱԳՆ-ն օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի և դրա ընդունումը համարել է նպատակահարմար՝  հաշվի առնելով անցյալ սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ձևավորված նոր իրադրությունը, այդ թվում՝ անհետ կորած անձանց և նրանց ազգականների իրավունքների և շահերի պաշտպանության հրամայականը։ Վերջնական մոտեցումները պարզ կլինեն խորհրդարանում աշխատանքային փակ քննարկումից հետո։  

Կարդացեք նաև

Back to top button