ԿարևորՄշակույթ

Լոռին՝ ժամանակների հանդիպման վայր

Տևական դադարից հետո, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կրկին իր դռները բացել է այցելուների առաջ:

«ԼՈՌԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐ» խորագրով ցուցադրության հանդիսավոր բացմանը ներկա են եղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես նաև թանգարանների դերն ու նշանակությունը կարևորող քաղաքացիներ:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տան «Շողակն» երգչախմբի ելույթից հետո ողջույնի խոսք է ասել թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը:

Վերջինս ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել բացմանը մասնակցելու և մշտապես թանգարանին աջակցելու համար: Տնօրենը հանգամանալի ներկայացրել է հնագիտական և ազգագրական ֆոնդերի եզակի նմուշները, որոնք մեր տարածաշրջանի հարուստ պատմության լուռ վկաներն են:

Գոհունակության և երախտիքի խոսք է ասել Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, որը բարձր է գնահատել թանգարանի տնօրենի և աշխատակիցների կատարած գործը և հույս հայտնել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

Հյուրերի խոսքով՝ թանգարանը մեծ ու նվիրական գործ է կատարում այս ուղղությամբ, որը նաև գիտական ու ճանաչողական կարևոր նշանակություն ունի: Արվում է ամեն ինչ, որ ողջ տարվա ընթացքում թանգարանը լինի մարդաշատ, իրականացվեն բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ, և ընդլայնվի թանգարանի համագործակցությունների շրջանակը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=970780560360655&id=244085213030197

Կարդացեք նաև

Back to top button