ԿարևորՀասարակություն

ՃՈ ակտերը կվիճարկվեն գրավոր ընթացակարգով

Վարչական դատավարության օրենսգրքում  նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է  ներդնել Ճանապարհային ոստիկանության ակտերի վիճարկման գրավոր ընթացակարգ․ տուգանքների վերաբերյալ որոշումները հնարավոր կլինի բողոքարկել՝ առանց դատարան գնալու։ Առաջարկը արդարադատության նախարարությանն է, հիմնավորումը՝  վարչական նման գործերով դատարանների գերծանրաբեռնվածությունը։

«Մարդիկ կարող են հայցը ուղարկել էլեկտրոնային եղանակով, ու գործն էլ լուծվի առանց  մարդկանց՝ դատարանում ներկա գտնվելու»,-կառավարության նիստում Վարչական դատավարության օրենսգրքում  առաջարկվող փոփոխությունը մանրամասնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բացառիկ դեպքերում միայն հայցվորն ու պատասխանողը կմասնակցեն նիստին՝ պարզաբանել է արդարադատության նախարարը։ Ռուստամ Բադասյանը նաև հստակեցրել է, որ հայցի՝ էլեկտրոնային եղանակով մուտքագրումը լինելու է հաջորդ փոփոխությունը։

Առաջարկի հիմքում վերջին մի քանի տարիների վիճակագրությունն է։ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով են վիճարկվում Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների որոշումները։ Խոսքը հիմնականում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներիև դրանց համար նշանակված տուգանքների մասին է։ Իսկ վերջին երկու տարիներին դրանց աճը երկրաչափական է՝ վիճարկումների քանակն աճել է մի քանի հարյուր տոկոսով։

Սա դատարանների ծանրաբեռնվածության պատճառներից մեկն  է՝ ասում է արդարադատության նախարարը և մանրամասնում․ «Այն գործերը, որոնցով գրավոր ընթացակարգ ենք ներդնում, 2018–2020 թվականներին կազմել են ընդհանուր գործերի 80 և ավելի տոկոսը։ Մասնավորապես, 2019 թվականին վիճարկման հիմքերով  7165 դատական հայց է կայացվել։ Դրանցից  5755 -ը վերաբերել է մեր այն հոդվածներին, որով առաջարկում ենք ներդնել գրավոր ընթացակարգ։ 2020թ․-ին՝ 4957, որից  3247-ը կրկին այդ հոդվածներով է»։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը վիճարկել բացառապես գրավոր ընթացակարգով։ Փոփոխությունը վերաբերում է հենց այդ վեճերին։ Անվտանգության գոտիները չամրակապած, սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոց վարելու, ուղևոր փոխադրելու դեպքում, ըստ գործող կարգավորումների, նշանակվում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, կիրառվում է տուգանային 1 միավոր։

«Առաջարկում ենք սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ հնարավորություն ընձեռել այդ ակտերի վերանայումը Վերաքննիչ դատարանում ևս իրականացնել գրավոր ընթացակարգով։ Վերաքննիչ դատարանում, օրինակ,  2019 թվականին  5755 ակտից բողոքարկվել է 2084 , որից 729–ը  Ճանապարհային ոստիկանության կողմից է բողոքարկվել, տոկոսային արտահայտությամբ՝ 35 տոկոս է կազմում»,- նշում է արդարադատության նախարարը։

Դատավարության մասնակիցների միջնորդությունները, ինչպես նաև առարկությունները հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Հակընդդեմ հայց կարող է ներկայացվել վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում։

Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով ևս իրականացվում է՝  առանց դատական նիստ հրավիրելու։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանափակել վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքը։ Նախարարը ասում է՝ իրենք առաջարկում են խիստ սահմանափակումներ կիրառել ՃՈ-ի կողմից վերաքննիչ բողոք բերելու հնարավորությունն այն դեպքերում, երբ վարչական դատարանը վիճարկման հայցով անվավեր է ճանաչել ակտը։ Ոստիկանությունն այս առաջարկին համաձայն չէ։ Քննարկումը  կշարունակվի խորհրդարանում։ Նախագիծը կառավարության որոշմամբ  անհետաձգելի է ճանաչվել:

Կարդացեք նաև

Back to top button