
Աուտիզմի համախտանիշ ունեցող 1-14 տարեկան 127 երեխա 2020թվականի պետբյուջեի ծրագրային հատկացմամբ ստացել է բուժման վերականգնման, կրթութուն և զբաղվածություն ապահովող մի շարք ծառայություններ: Ծրագիրը՝ «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» անվանումով, իրականացրել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:
Ռ․Մարտիրոսյանը դաշնամուր է նվագում: Շատ է սիրում նաև նկարել։ Թիվ 163 ներառական դպրոցի շրջանավարտ է, ունի իր նախասիրությունները, ժամանակ առ ժամանակ սոցցանցերում շփվում է սիրելի մարդկանց հետ:
Վանիկ Գրիգորյանը սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, հաճախել է Թումո կենտրոն: Ինքնուրույն է, նրբանկատ։ Անտարբերությունը, որով բնորոշվում է աուտիզմը, Վանիկին հատուկ չէ. նա ուշադիր է, աշխույժ: Շատ սիրում է երգել։
Արարատ Պետրոսյանն էլ նկարների միջոցով է հաղորդակցվում։ Շատ հետաքրքիր տղա է. ասեղնագործում է, գորգագործությամբ զբաղվում, բայց տարերքը նկարչությունն ու երգն են։
Ռաֆայելը, Վանիկը, Արարատը ներառական դպրոցի աշակերտներ են:
Դպրոցը աուտիզմ ունեցող երեխաների սոցիալականացման առաջին օղակն է: Այստեղ նրանք կարող են շփվել հասկակիցների հետ, ներառվել կրթական միջավայրում։ Կա վիճակագրություն, որ համախտանիշով երեխաների քանակը հանրակրթական դպրոցներում տարեցտարի ավելանում է:
Երևանի թիվ 163 դպրոցը համընդհանուր ներառական կրթության է անցել 2015 թվականից։ Սկզբում դժվարությունները շատ էին. պետք էին համապատասխան մասնագետներ, անհրաժեշտ հարմարեցումներ, և չկար ամենակարևորը՝ աուտիզմի համախտանիշով երեխաների հետ շփվելու փորձը: 2016 թվականից դպրոցն սկսեց համագործակցել «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հետ, և մանկավարժներն անցան հատուկ դասընթացներ: Կարճ ժամանակ անց՝ երեխաների սոցիալականացման ճանապարհին փոքրիկ ձեռբերումներ գրանցվեցին: Սոցմանկավարժ Ալինա Եղիազարյանը «Ռադիոլուր»-ին պատմում է դպրոցի շրջանավարտ Ռաֆայելի մասին:
Ասում է. «Նա սկզբնական շրջանում չէր ցանկանում մուտք գործել դպրոց, որևէ մեկի հետ շփվել։ Երկար աշխատանքի արդյունքում սկսեց դասընկերների հետ միասին ակտիվորեն մասնակցել դասերին, շփվել: Վերջին զանգին նույնիսկ իր ներդրումն ունեցավ. դաշնամուր էր նվագում»։
2020 թվականին «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման մի շարք ծառայություններ: Հասարակության մեջ ներդրվել են երեխաների ինտեգրման և սոցիալականացման համար անհրաժեշտ ծրագրեր՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված մեթոդներն ու լավագույն միջազգային փորձը։
«Աուտիզմ» ազգային հիմադրամի դեռահասների ծրագրի ղեկավար Սյուզաննա Պետրոսյանն ասում է՝ ծրագրի արդյունավետությունը տեսնում է ամեն օր. «Երբ սկսեցինք համատեղ ծրագիրը Երևանի համար 163 դպրոցի հետ, դպրոցը նոր էր անցել ներառական կրթության, և իրազեկման մեծ անհրաժեշտություն կար։ Երկկողմանի աշխատանքի արդյունքում մենք ունեցանք բավականին հաջող դեպքեր»։
2006 թվականին, երբ հիմնադրամն սկսեց գործել, կենտրոն հաճախում էր ընդամենը 6 երեխա: Այժմ նրանք 200-ից շատ են:
Աուտիզմի առաջացման պատճառներն ամբողջությամբ բացահայտված չեն. հայտնի է, որ որոշակի դեր են խաղում ժառանգական գործոնները: Հետազոտվել է արտաքին գործոնների ազդեցությունը հիվանդության առաջացման վրա. վիրուսային վարակներ, հղիության ընթացքի բարդություններ, օրինակ՝ նախածննդյան սթրես, օդի աղտոտվածություն՝ ծանր մետաղների մասնիկներով: Կար տեսակետ, թե աուտիզմի պատճառ կարող են լինել նաև երեխա ժամանակ արված պատվաստումները:
Աուտիզմի և պատվաստումների կապը, սակայն, բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում, հերքվել է: Աուտիզմի առաջացման պատճառներն այսօր էլ հետազոտվում են: Դրանք վերջնականորեն պարզելու համար օգտագործվում են գիտատեխնիկական բոլոր հնարավորությունները:




