
Փետրվարի 24-26-ը անցկացվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը՝ օնլայն ձևաչափով: ԵԱՀԿ Վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են լրագրողներին և ամփոփել նստաշրջանի աշխատանքները:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամները քննարկման առարկա են դարձրել Արցախյան 44- օրյա պատերազմի հետևանքները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ասում է՝ առաջնային է եղել գերիների վերադարձի հարցը:
Նրա խոսքով՝ իրենց բոլոր ելույթներում կարմիր թելի նման անցել է գերիների խնդիրը. «Մեր բարձրաձայնել ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի արհեստական ձգձգումները, գերիների նկատմամբ անմարդկային դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստերը, Ադրբեջանի կողմից հայտարարության ստորագրումից հետո սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան Խծաբերդի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման, Արցախի կարգավիճակի ու Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցի կարևորությունն ենք շեշտել»,-ասում է Հակոբ Կոնջորյանը:

Վեհաժողովի թուրք և ադրբեջանցի պատվիրակներին բարկացրել է հատկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթը: Նա հիշեցրել է, որ ադրբեջանցիները չեն կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով ամրագրված իրենց պարտականությունները:
Պատգամավորը ԵԱՀԿ վեհաժողովում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին. «Ես ԵԱՀԿ ԽՎ-ում ելույթ եմ ունեցել ռազմագերիների մասին, շեշտել եմ, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները՝ նախպայմանագրով, բայց եթե նույնիսկ պայմանագրում գերիների հարցը նշված չլիներ, մարդասիրական միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ բաց թողնել մեր ռազմագերիներին և վերադարձնել Հայաստան։ ԵԱՀԿ ԽՎ-ում շեշտեցի՝ Ադրբեջանն իրեն պահում է որպես ահաբեկչական երկիր»,-ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանն ամփոփող ասուլիսում լրագրողներին ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

Արցախի Արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը՝ հրաժարվելով ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերևարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը: Արցախի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց օգտագործում է որպես լծակ՝ Արցախի և Հայաստանի դեմ իր ռազմավարական նպատակներն իրագործելու համար։
Այն մասին, թե Ադրբեջանը վերադարձել է բոլոր հայ ռազմագերիներին, և իբր իրենց մոտ մնացել են միայն դիվերսանտները, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր փետրվարի 26-ին՝ օտարերկրյա լրագրողների հետ հարցազրույցում:




