
Յոթ զինվորի մեջ մարմնավովել է մի քանի հազարի հավաքական կերպարը։ 7-ի միջոցով սերունդներին են փոխանցելու հերոսության բացառիկ պատմություններ։ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում Հայրենապաշտների դասարան բացվեց։
Դպրոցի տնօրեն Նառա Սիմոնյանն ազգն ու պետությունը նմանեցնում է հոգևոր տաճարի, որի սյուները զինվորներն են։ Վերջին պատերազմում սահմանը նաև իրենց կրթած սերունդն է պահել, իրենց աչքի առաջ ամրացած սյուները։ Հայրենապաշտների դասասենյակում նժդեհապաշտություն են սովորեցնելու․
«Մենք հայրենասիրությունից պետք է անցնենք հայրենապաշտության, հայրենապաշտությունից պետք է անցնենք հայրենատիրության։ Այլ ճանապարհ չունենք, փոքր ազգերը դատապարտված են պատերազմների թատերաբեմում լինելու։ Եվ ես միշտ ասում եմ, էլի կասեմ՝ խաղաղության սիմվոլները դրանք աղավնիները չեն, արծիվներն են»,- ասում է Նառա Սիմոնյանը։

Տղաների պատմությունները տարբեր են։ Դպրոցի շրջանավարտներից Յուրի Չիլինգարյանը 2020-ի հունվարի 18–ին էր զորակոչվել բանակ։ Ծառայել է Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասում, հետո տեղափոխվել Մարտունի երեք զորամաս։ Յուրայի տատիկը՝ տիկին Սիլվան, երեք սերունդ է ճանապարհել պատերազմ․ ամուսինը մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, որդին՝ ապրիլյանին, թոռը՝ վերջինին՝ 44-օրյային։ Տիկին Սիլվան Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի նախկին տնօրենն է։
«Որքան էլ, որ ընկնենք մենք հզոր ենք, մենք էլի ենք հզորանալու, թեկուզ մայրական արցունքներով։ Կկանգնենք մենք, վերցրածը հետ ենք բերելու, այ էդ հավատքն է, որ ուժ է տալիս դիմադրելու։ Հայրենիքը նորից ոտքի կկանգնի»,- նշում է տիկին Սիլվան։
Հայրենապաշտի մի պատմություն էլ Արթուր Սուքիասյանն է կերտել՝ կարատեի սև գոտին, հանրային կառավարումն ու բանասիրությունը համադրած ԵՊՀ–ի ուսանողը։ Շրջապատում Արթուրին նախագահ, երբեմն էլ վարչապետ էին ասում։ Ուզում էր քաղաքականությամբ զբաղվել, Նժդեհ ու Մոնթե էր ուսումնասիրում։ Ընկերները պատմել են, թե զորամասում հայրենասիրության դասեր էր տալիս։ Ասում էր՝ եթե իմանան՝ ինչի համար են այստեղ՝ կհաղթենք։ Կարողացել է գրավված զորամասից դրոշը դուրս բերել։ Մորը խոստացել էր գալ ու ամեն բան պատմել․ չհասցրեց։ Արթուր զոհվել է Կարմիր Շուկայում։

«Ինքը չէր բողոքում, ասում էր՝ մամ ես քեզ շատ եմ սիրում, բայց մինչև վերջ գնալու եմ, ինքը հաղթող տեսակ էր, ինքը երբեք չէր պարտվի։ Բանակի մասին շատ էր մտածում, ասում էր՝ բանակը պետք է վերակառուցվի, իր երազած բանակն էր ուզում կառուցել։ Համոզված եմ, որ հետ ենք բերելու մեր հողը, մեր որդիների արյունը չի կորելու»,- պատմում է մայրը։
Հայրենապաշտների դասարանում նաև Տիգրան Միկոյանի, Մեխակ Տոնոյանի, Հենրի Էլոյանի, Եղիշե Սիմոնյանի և Հենրի Արությունովի նկարներն են։ Նրանց սխրանքների մասին սերունդները դեռ կխոսեն։ Տարիքով, նախասիրություններով, փորձառությամբ տարբեր տղաներին միավորել է հերոսի ճակատագիրը։




