
Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 2017–ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված փաստաթուղթը Հայաստան–Եվրամիություն երկխոսության իրավական հիմքն է։ Այն, ըստ մասնագետների, գործընկերային նոր մակարդակի կբարձրացնի Երևանի ու Բրյուսելի քաղաքական և տնտեսական հարաբերությունները։
Մարտի 17-ից Հայաստանը Բրյուսելում կունենա մաքսային նոր կցորդ, որը Եվրամիությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի Հայաստանի մաքսային շահերը։
Եվրոպական միությունը Հայաստանին արդեն ծանուցել է կառույցի և անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: 8 մասից կազմված ծավալուն փաստաթուղթը Հայաստան-ԵՄ քաղաքական ու տնտեսական երկխոսության իրավական հիմքն է։ Մասնագետների գնահատմամբ՝ օրենքների մոտարկմամբ էականորեն կնվազեն ԵՄ շուկա մուտքին խոչընդոտող սահմանափակումները, ինչը կհեշտացնի հայ տնտեսվարողի գործը։
ԵՄ-ում Հայաստանի նորանշանակ մաքսային կցորդը՝ Սուրեն Մելիք-Իսրայելյանը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը համագործակցության լայն դաշտ է բացում։ Այն կանոնակարգելու համար ստեղծվել է Հայաստան -ԵՄ մաքսային հարցերի ենթակոմիտե, որի առաջին նիստը կկայնա մարտի 17-ին։ Սուրեն Մելիք-Իսրայելյանը մանրամասնում է․ «Եվրոպական փորձագետներին կներկայացնենք Հայաստանի մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, ձեռքբերումները, պարզեցված մաքսային ընթացակարգերը, որոնք հետագայում կներառվեն իրենց զեկույցներում»։
Հայաստանը ԵՄ անդամ երկրներում՝ որպես առևտրային գործընկեր, ձեռք կբերի վստահելի կարգավիճակ։ Համագործակցության ոլորտները կընդլայնվեն։ Մաքսային կցորդն ընդգծում է՝ հայ տնտեսվարողները խնդիրներ ունեն որակի հավաստման փաստաթղթերը ներկայացնելու հարցում։ SEPA-ի ուժի մեջ մտնելուց հետո ազգային հավատարմագրման մարմինը եվրոպացի գործընկերների հետ համապատասխան փաստաթուղթ կստորագրի, ինչը կհեշտացնի տնտեսվարողների գործը։ Սուրեն Մելիք-Իսրայելյանի խոսքով՝ դա բարդ գործընթաց է, քանի որ հաճախ անհրաժեշտ է լինում որակի հավաստագրեր ստանալ երրորդ երկրներում, ինչը ժամանակատար ու ծախսատար է, իսկ համաձայնագիրը կդյուրացնի գործընթացը։
Համաձայնագրի փաթեթի հետ ստորագրվել է նաև Հայաստանի և ԵՄ միջև մաքսային ոլորտում համագործակցության և փոխադարձ օգնության արձանագրությունը։ Սա էլ, ըստ կցորդի, կկրճատի մաքսային ձևակերպումներ ու հավաստումներ ստանալու ժամկետները։ Սուրեն Մելիք-Իսրայելյանն ասում է, որ ՀՀ օրենսդրության և ԵՄ կանոնակարգերի մոտարկումից հետո տնտեսվարողների համար առևտրային ընթացակարգերն ավելի կպարզեցվեն։
Հայկական արտադրանքն ավելի հեշտ կհասնի եվրոպական շուկա։ Այլևս կարիք չի լինի Հայաստանի համար արտադրել՝ մեկ, Եվրոպայի համար՝ մեկ այլ որակի արտադրանք՝ կարծում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Ալբերտ Հայրապետյանը։ Ասում է․ «Նույն կերպ մեր տեղական արտադրողները պետք է պատրաստ լինեն մրցակցությանը, քանի որ ԵՄ անդամ երկրների տնտեսվարողները հնարավոր է ցանկություն ունենան մուտք գործել հայկական շուկա»։
Փորձագետը նշում է՝ տնտեսվարողների համար առավել դժվար կանխատեսելի, հաշվարկելի և հաղթահարելի են ոչ սակագնային խոչընդոտները, օրինակ՝ ֆիտոսանիտարական ու բնապահպանական ստանդարտները։ Յուրաքանչյուր երկիր կարող է թույլ չտալ կոնկրետ ապրանքի կամ ապրանքախմբի ներմուծումը՝ հիմնավորելով իր գործողությունները տարատեսակ ստանդարտներով և ներքին ընթացակարգերով։ «Այդպիսի քաղաքականության թաքնված նպատակը տեղական արտադրողների պաշտպանությունն է, և մաքսային կցորդները, որպես կանոն, ուղղակի ազդեցություն չունեն նստավայր երկրների մաքսային քաղաքականության մշակման և իրականացման վրա։ Սակայն, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ մաքսային կցորդի գործառույթների մեջ են մտնում ԵՄ-ի և ՀՄԿ-ի մաքսային ոլորտին առնչվող բանակցային գործընթացներին ՀՀ մասնակցության ապահովումը, ինչպես նաև ՀՄԿ մշտական խորհուրդների, հանձնաժողովների, կոմիտեների, աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին մասնակցությունը և ՀՀ շահերի պաշտպանությունը»,- ասում է Ալբերտ Հայրապետյանը։
ԵՄ-ն Հայաստանի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է: Հայ արտահանողները շարունակում են օգտվել GSP+ ռեժիմի շրջանակներում ԵՄ-ի առաջարկած առևտրային առավելություններից: ԵՄ-ն հայաստանյան ընկերություններին տրամադրում է ֆինանսավորում, վերապատրաստում, ինչպես նաև՝ նոր շուկաներ մուտք գործելու աջակցություն՝ այդ թվում «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության միջոցով: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետն ընդգծում է՝ ըստ ԵՄ հանձնաժողովի տվյալների՝ վերջին 10 տարիներին ՀՀ-ԵՄ ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է ՝ 2019թ-ին հասնելով մոտ 1,2 միլիարդ եվրոյի։ 2020թ․-ի տվյալները հանձնաժողովի կայքում դեռևս հասանելի չեն։
ԵՄ-ից ՀՀ ներմուծումը դեռևս գերազանցում է ՀՀ-ից ԵՄ արտահանմանը։ 2019թ․-ի դրությամբ սալդոն կազմել է մինուս 380 միլիոն եվրո։ 2019թ.-ին արտահանման շուրջ 70 տոկոսը կազմել են ոչ թանկարժեք մետաղներն ու օգտակար հանածոները, իսկ 8 տոկոսը՝ թանկարժեք մետաղները: ՀՀ-ից դեպի ԵՄ արտահանվող ապրանքների տեսակարար կշռում տեքստիլ և սննդի արդյունաբերության բաժինը ընդհանուրի մոտ 20 տոկոսն է:
Լոգիստիկ սահմանափակումներ, ընդհանուր սահմանի բացակայություն, ոչ բավարար մրցունակություն․ տնտեսագետի կարծիքով՝ սրանք են այն խնդիրները, որոնց պատճառով Հայաստանը ԵՄ երկրներից դեռևս ավելի շատ ներմուծում է, քան արտահանում։ Նա չի բացառում, որ առաջիկայում պատկերը փոխվի՝ նկատի ունենալով հանգամանքը, որ մաքսային օրենսգրքերի տարբերությունները մեծ չեն։




