
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Այսօր Էրեբունի հյուրանոցում տեղի է ունեցել «Առողջապահության ոլորտում հանրային քաղաքականության գնահատում» թեմայով կլոր սեղան-քննարկում: Մինչ քննարկումը ներկայացվել է «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» (EDRC) կողմից Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացված «Առողջապահության 2013-ի պետական բյուջեի վերլուծություն» և «Համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատում» հետազոտությունների արդյունքները: Նշենք, որ քննարկմանը հրավիրված են եղել, սակայն չեն մասնակցել Առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Օքսֆամի և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի Առողջապահության ոլորտում հանրային քաղաքականության գնահատում ծրագրի շրջանակներում վերլուծվել և համեմատվել է վերջին տարիների ընթացքում պետության կողմից առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսավորման ծավալները, 2013-ին իրականացվող առանձին պետական ծրագրերը և դրանց համախումբը:
Համեմատելով այս երկրներում ոլորտին հատկացված միջոցները՝ փորձագետները արձանագրում են, որ Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի ֆինանսավորումը փոքր է: Շատ փոքր են նաև առողջապահության ոլորտում ծախսերը: Դրանք Հայաստանում կազմում են ՀՆԱ-ի 4.4 տոկոսը, մինչդեռ Վրաստանում այն կազմում է 5.9, իսկ Ադրբեջանում 10.1տոկոս: Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը եւս մեկ կարեւոր եզրահանգում է առանձնացնում.
«Հայաստանում առողջապահության ոլորտը, նույնիսկ բարձր տնտեսական աճի տարիներին, չի ստացել ընդգծված գերակայություն և նշանակություն»:
Գնաճը, ըստ Մարգարիտա Հակոբյանի, նույնպես բացասական ազդեցություն է թողնում ֆինանսավորման եւ մատուցվող ծառայությունների ծավալի վրա:
«Պետք է նշել, որ 2013 թ-ին, ճիշտ է տեղի է ունեցել ԱՆ ֆինանսավորման աճ, որը բացարձակ թվերով կազմում է 6.85 մլրդ դրամ, սակայն դա հիմնականում ՀԲ-ի երկրորդ ծրագրերի ֆինանսավորումն է, եւ ուղղված է եղել կապիտալ շինարարությանը»:
Ինչ վերաբերվում է համավճարային համակարգի ուսումնասիրությանը. պարզվել է, որ սոցիալապես անապահով և առանձին խմբերի հիվանդներից շատերը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից փաստացի չեն օգտվում: Աղքատ հիվանդների մոտ 30 տոկոսը բուժծառայությունների դիմաց կատարում են համավճարներ: Ավելին, հիվանդները պարտադիր-կամավորական սկզբունքով որոշակի վճարումներ են կատարում: Հիվանդների վճարած համավճարի մեծությունը կազմում է բուժման գնի 50 տոկոսը կամ ավելին, որը բավականին բարձր է:
«Այսպիսով, հիվանդները բուժման բեռն իրենց վրա վերցնելով կամ պարտք են վերցնում, կամ վարկ»:
Համավճարային համակարգը չունի սոցիալական հասցեականություն, ասում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի տնօրենը եւ հավելում, որ շատ հիվանդությունների դեպքում բուժծառայությունների հասանելիությունը կտրուկ նվազել է:




