
Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, թե առանց դրա՝ ընդդիմադիր կուսակցությունների միավորումը ցանկացած դեպքում պատրաստ է և գնալու է արտահերթ ընտրությունների։ Այս որոշումը կայացվել է օրեր առաջ՝ «Հայրենիքի փրկության շարժում» ձևաչափի լիդերների հանդիպմանը, որին ոչ բոլորն էին ներկա։
Որոշ շրջանակներում կանխատեսվում էր, որ ձևաչափը կփոխվի, և հնարավոր է՝ կուսակցություններն առանձին շարունակեն պայքարը: Թեև միավորման ներսում արտահերթ ընտրությունների հետ կապված հակասական մոտեցումներ կան, բայց առայժմ հայտարարվում է գործող ձևաչափի պահպանման մասին։
«Հայրենիքի փրկության շարժում» ձևաչափը նեղ տարածք չէ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Հայրենիք» կուսակցության հիմնադիր, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի, Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի համագործակցության համար։ Օրեր առաջ վեցնյակը հանդիպել և որոշել է պահպանել համագործակցության ձևաչափը։

«Ներքին վստահություն ունեմ, որ առաջիկայում շատ ավելի լայնածավալ միջոցառումներ և ծրագրեր կիրականացնի ընդդիմությունը, իսկ պառակտման մասին խոսելը այս պահի դրությամբ կարծում եմ, ավելորդ է»։
Աժ փոխնախագահ, ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանը ընդդիմության ակտիվացում է խոստանում առաջիկայում, չնայած որ «Հայրենիքի փրկության շարժում»–ը դեռ չի հաջողում փողոցային պայքարում և առայժմ կորցնում է իր մասնակիցներին՝ սկզբնական «17+»–ից այսօր արդեն դարձել են «15+»։ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համար դա մտահոգվելու պատճառ չէ․
«Աստված իրենց հետ, դրանից շարժումը որևէ կերպ չի տուժել։ Մենք որևէ մեկին չենք համոզել մաս կազմել շարժմանը, ոչ էլ որևէ մեկին համոզելու ենք, որ մնա շարժման մեջ։ Բոլորը ազատ են իրենց դիրքորոշումներում։ Ով ունի ավելի արդյունավետ կամ այլ ճանապարհ, ինքը ազատ է գնալու այդ ճանապարհով»։

Քաղաքական կուլիսներում շրջանառվում են խոսակցություններ, թե Դաշնակցությունը կողմնակից է փոխել վարչապետի միասնական թեկնածուին և հակված է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։
Մինչդեռ Սաղաթելյանը հերքում է․ «Մենք նման հարց չենք քննարկել։ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է»։
«Հայրենիքի փրկության շարժման» վեցնյակի լիդերների հանդիպումից առաջ՝ հունվարի 28–ին, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում արդեն հայտարարել էր՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ենք։ Սակայն ձևաչափը Քոչարյանը չի մանրամասնել, պարզ չէ՝ ինքն անձամբ պատրաստվո՞ւմ է մասնակցել ընտրություններին։ Հարցը չեն մեկնաբանում նաեւ ընդդիմադիր միավորման մյուս ներկայացուցիչները։ Մեկ ձևաչափում երկու նախկին նախագահ՝ արդյո՞ք ակնարկը նշանակում է, որ երրորդ նախագահը սատարելու է իր նախորդ պաշտոնակցին։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է պարզաբանում։ «Եթե», «ապա» տարբերակները, ստեղծված իրավիճակում կառուցողական, քաղաքական դիսկուրսի չեն տանում»,-ասում է Աշոտյանը։

«Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափում Հանրապետականը սկզբունքային էր իր դիրքորոշման մեջ։ Արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ անընդունելի է համարում այս ուժը։ Ի՞նչն է համոզել Սերժ Սարգսյանին և Հանրապետականին՝ մնալ «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափում։
«Կարծում եմ՝ նման գնահատականների մեջ դիտավորյալ մանիպուլյացիաներ կան, որովհետև «Հայրենիքի Փրկության շարժումը չի ստեղծվել արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար։ Ընտրությունների մասին «Հայրենիքի փրկության շարժումը» ինստիտուցիոնալ կերպով վերահաստատել է իր կարծիքը, որ արտահերթ ընտրությունները այս իրավիճակում որևէ կերպ չեն նպաստելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Խոսքը տրանզիտային վարչապետով՝ Վազգեն Մանուկյանով, տեխնոկրատ կառավարության ձևավորման մասին է, որը մեկ տարի անց՝ երկիրը կայունացնելուց հետո միայն կկազմակերպի ընտրություններ։ Բնականաբար, կարող են լինել տարաձայնություններ ու տարբերություններ տակտիկական առումով։ Բայց ռազմավարական առումով տարբերություն չկա, որովհետև բոլորի նպատակն է՝ օր առաջ ազատվել գործող դավադիր խունտայի ղեկավարությունից՝ պարտության պատճառ դարձած վարչապետի գլխավորությամբ։ Մնացած բոլոր հարցերը քննարկելի են։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը արհեստական է և ենթակա չէ քննարկման նման լրջությամբ»։
«Հայրենիքի փրկության շարժման» վեցնյակի հանդիպումից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Մոսկվա։ Նրա գրասենյակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այնտեղ է լինելու փետրվարից 1–8-ը՝ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար։ Մարտի 1-ի գործը քննող դատավորը թույլատրել էր հատել սահմանը։
Ենթադրություններ կան, որ ընդդիմադիր վեցնյակը կրկին կհանդիպի՝ Քոչարյանի մոսկովյան այցից հետո։ Մեկ այլ հանդիպման, ըստ լուրերի, պատրաստվում է իշխանական թևը․ ամենայն հավանականությամբ՝ կիրակի՝ Երևանից դուրս «Իմ քայլ»–ի անդամները կքննարկեն արտահերթ ընտրությունների հարցը։




