ԿարևորՏնտեսական

«Էկո ֆարմ»-ում արտադրվում է բարձրորակ էկո մթերք

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործող «Երեմյան փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Էկո ֆարմ» անասնապահական համալիրում:

Ընկերությունը Վայոց ձորում ստեղծել է միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած ֆերմա, որտեղ բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ ֆլեկվի, հոլշտեյն, անգուս և ջերսի տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր: Ֆերմայում ապահովված են կենդանիների կեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Կենդանիների կերակրման գործընթացն ավտոմատացված է՝ կերախառնիչի օգնությամբ ստանում են սարի խոտի, հիդրոպոնիկ համակարգով աճեցված թարմ, հյութեղ կանաչի և առվույտի օպտիմալ կերախառնուրդ, որն ընկերության կերախոհանոցում համապատասխան վերամշակում անցնելուց հետո մատակարարվում է կենդանիներին:

Անասնապահական համալիրում կենդանիները խնամվում են հիգիենայի պահանջներին համապատասխան կանոններով: Իրականացվում է կանոնավոր ախտահանում, կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմատ քորիչներ, ֆիլտրեր, օդափոխության համակարգ, գոմաղբի ավտոմատ հեռացման քերիչներ և այլն: Ֆերման ունի ամբողջությամբ մեքենայացված կիթի սրահ։ Իրականացվում է նաև կրծի առողջության պարբերական ստուգում:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է ընկերության նմանօրինակ գործունեությունը, որի շնորհիվ արտադրվում է բարձրորակ էկո մթերք, բացվում են նոր աշխատատեղեր, ինչը մարզի բնակչության կենսաապահովման բարելավման համար ունի շատ կարևոր նշանակություն:

Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարել է՝ փորձի փոխանակման նպատակով մարզում անասնապահությամբ զբաղվող մյուս ֆերմերների համար այցեր կազմակերպել «Երեմյան փրոջեքթս»  ընկերության անասնապահական համալիր:

https://www.facebook.com/VayotsDzoriMarzpetaran/posts/1133382683742163

Կարդացեք նաև

Back to top button