
Ջավախահայերը ակցիա են նախատեսում անցկացնել սահմանները բացելու պահանջով։ Համավարակի պատճառով շուրջ մեկ տարի ելքի ու մուտքի արգելքներն էլ ավելի են խորացրել հայաշատ շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները։
Վրաց-հայկական և վրաց-ռուսական սահմանների բացման պահանջով ակցիան նախատեսված է անցկացնել հունվարի 31-ին Ախալքալաքում:
Օրեր առաջ համացանցում տարածվեց սահմանների բացման խնդրանքով Հայաստանի և Վրաստանի վարչապետներին ուղղված մի խումբ ջավախահայերի բաց նամակը։
«Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանների բացումը կենսական նշանակություն ունի մեզ համար», — «Ռադիոլուրին» ասում է Նինոծմինդայի բնակիչ Նազելի Ծառուկյանը, ով ի մի է բերել սոցիալական ցանցերում հարցը քննարկողների պահանջը։ Քանի որ Հայաստանն արդեն վերացրել է օտարերկրացիների համար օդային ու ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները, ուստի պահանջն այսօր, ըստ նրա, վերաբերում է Վրաստանի իշխանություններին։ Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել հարևանների, այդ թվում և Հայաստանի հետ սահմանը։
Վրաստանը կոշտ սահմանափակումների շարքում շուրջ մեկ տարի փակ է (ազատ տեղաշարժի համար) պահում սահմանները բոլոր հարևանների հետ։
«Ես կոնկրետ իմ ընտանիքի պահանջն եմ ներկայացնում։ Մեկ տարի է Հայաստանում գտնվող իմ երեխաներին չեմ կարողանում տեսնել։ Մի քանի անգամ հետաձգելուց հետո անգամ աղջկաս նշանադրությանն այս տարի չգիտեմ կմասնակցեմ, թե ոչ։ Մենք խնդրում ենք, եթե սահմաններն ամբողջովին դեռ չեն բացվում, գոնե ժամանակային գրաֆիկով թույլ տան հատել սահմանը»։
Ասում է զրուցակիցս՝ նշելով, որ սա ինքնաբուխ ակցիա է, որը սկսվել է սոցիալական ցանցերում․ բոլորն ես սպասում սահմանների բացմանը։
Ախալցխայում գործող «Սամցխե-Ջավախք մեդիա կենտրոնի» ղեկավար էդուարդ Այվազյանն ասում է, որ բողոքի մթնոլորտը հասունացել է․ փակ սահմանները տարածաշրջանի բնակչությանը զրկել են հիմնականում Ռուսաստանից եկող եկամտից․
«Ջավախքի ազգաբնակչությունը սերտ կապված է Հայաստանի հետ, իսկ Ռուսաստանը շրջանի եկամտի հիմնական աղբյուրն է, շատերն են արտագնա աշխատանքի մեկնում։ Փակ սահմանները լուրջ խնդիրներ են ստեղծել ջավախահայերի համար»։
Վրաստանում այս օրերին սահմանափակումների վերացման պահանջով բողոքի ակցիաներ են ընթանում, սահմանների բացմանը սպասում են նաև Վրաստանի մյուս շրջաններում։ Հետաքրքրական է, սակայն, որ Ախալքալաքում անցկացվելիք ակցիայի մասին իրենք՝ տեղացիները տեղյակ չեն։ Քաղաքի գլխավոր լրատվականի՝ Jnews-ի գլխավոր խմբագիր Ռիմա Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անսպասելի ակցիա է․
«Բողոքի ցույցի գաղափարը հավանաբար ծնվել է մի օգտատիրոջ գրառումը լրատվականներից մեկում հրապարակվելուց հետո, որովհետև մենք չգտանք որևէ կազմակերպչի։ Դեռ փորձում ենք հասկանալ արդյոք այս ամենը Ջավախքում անհանգստություններ առաջացնելու նպատակ ունի, թե՝ ոչ»։
Ասում է զրուցակցիս՝ նշելով, որ Վրաստանի կառավարության մոտ մեկ տարի գործող սահմանային արգելքի որոշումը տեղային հարց չէ, միայն այս տարածաշրջանի բնակիչներին չի վերաբերում։




