ԿարևորՀասարակություն

Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և կգործի որպես անկախ պատգամավոր: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր: Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:

Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:

Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը: Միևնույն ժամանակ, ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք»,- գրել է նա: 

Ավելի վաղ խմբակցությունից դուրս գալու եւ անկախ պատգամավորի կարգավիճակով գործունեությունը շարունակելու մասին հայտարարել էին պատգամավորներ Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը։

Նախօրեին պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։

Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ Քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին։

Հ.Գ. Որպես գերակշիռ քաղաքական մեծամասնություն՝ «Իմ Քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա անառարկելի ու անշրջելի իրողություն է»,-ասված է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button