
Մարտունի 2, Ջաբրայիլ, Հադրութ․ սա ծնունդով Էջմիածնի Աղավնատուն գյուղից 18 ամյա Նարեկ Սարգսյանի մարտական երթուղին է։ Աշխարհում ամենից շատ արժևորում է տունը՝ բառի ամենալայն իմաստով։ Աղավնատուն գյուղն իր համար աշխարհի լավագույն վայրն է, Հայաստանը՝ միակ դրախտավայրը, որտեղ անցկացնելու է մնացած ողջ կյանքը։ Ապագայի նպատակները հստակ էին դեռ դպրոցական տարիքից։
«Դասարանով գնացել էինք թատրոն, ու վերջում մեզ ուսուցչուհին հարցրեց, թե ապագայում ինչ ենք ուզում դառնալ։ Ես ասացի, որ ավտոմեխանիկ եմ ուզում դառնալ։ Դրանից տարիներ անց սովորեցի այդ արհեստն ու սկսեցի աշխատել, հետո եկա բանակ,-ասում է Նարեկ Սարգսյանը»։
Հայրենիքի պաշպանի վերականգնողական կենտրոնում ենք։ Նարեկը մեքենաների ու բանակային ծառայության մասին ավելի շատ պատմություններ կունենար, եթե պատերազմը չխանգարեր։
«3 օր էր մնացել, որ տեղափոխվեի մեքենա նորոգելու բաժին՝ ռեմբրոդ, բայց պատերազմը սկսվեց ու չհասցրի,-պատմում է Նարեկ Սարգսյան»։

Մեքենաների սիրահար Նարեկը խաղալիք մեքենաների հավաքածու ունի, ասում է՝ երեխա ժամանակ հաճախ ջարդում էր մեքենաները, որ հասկանա՝ կարո՞ղ է ինքնուրույն դրանք նորից նորոգել, թե՞ ոչ։ Հիմա արդեն իրական մեքենաների մասին խոսելու ժամանակն է․
–Սիրելի մակնիշի մեքենադ ո՞րն է։
–BMW։
–Իսկ ունե՞ս։
–Չէ, բայց հենց այստեղից դուրս գամ, առնելու եմ։ Թեկուզ վարկով լինի, բայց նաև իմ արհեստանոցը պիտի ունենամ, դա իմ նպատակն է։
Լավ արհեստավորի մասին ասում են՝ ոսկե ձեռքեր ունի, այնպիսին, ինչպիսին Նարեկի ձեռքերն են։ Թշնամուն, սակայն, հաջողվել է վիրավորել Նարեկի ձեռքը։ Դրական առաջընթաց կա, սակայն ձեռքն աշխատանքի մեջ կիրառել դեռ չի ստացվում։ Ասում է՝ պատվիրատուները սպասում են իր առողջանալուն։ Հայրենիքի պաշպանի վերականգնողական կենտրոնի սենյակներից մեկում ենք՝ ես, Նարեկն ու Նարեկի ընկերը՝ պատերազմի մասնակից Լիոնը, որը թույլ չի տալիս Նարեկին հուսահատվել, ասում է՝ որքան շուտ ինքդ ուզես, որ ձեռքդ աշխատի, այնքան շուտ կաշխատի։
Հավատը երազանքի դռան բանալին է։ Հավատը մեր ներսում է։ Նշանակում է՝ բանալին մեր ձեռքերում կարող է հայտնվել ցանկացած պահի, եթե ուզենք կամ ավելի ճիշտ՝ երբ ուզենք։




