Զոհվածների երեխաները՝ ամանորյա հրաշքին սպասելիս
Ծննդյան տոներն այս տարի պակաս ուրախ ու գունավոր են, մինչդեռ տոնը երեխաների համար ամենասպասվածն ու սիրելին է: Պատերազմում զոհվածների երեխաների համար Արմավիրում ամանորյա հեքիաթն իրականություն է դարձրել «Հայ հերոսներ» բարեգործական նախաձեռնությունը, որը ձևավորվել է պատերազմի ընթացքում:
Պատերազմի օրերին բոլորը ճանաչեցին ընկույզ վաճառող արմավիրցի 6-ամյա Վահեին, որը որոշել էր իր ներդրումն ունենալ բանակին ու զինվորներին օգնելու գործում: Տղայի նախաձեռնությանն աջակցեցին արմավիրցիները՝ յուրաքանչյուր ընկույզի դիմաց վճարելով 100 դրամ, հավաքելով 4 մլն 600 հազար դրամ և ամբողջը փոխանցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Վահեի նախաձեռնությունները պատերազմի ավարտով չսահմանափակվեցին: Տղան հիմա էլ որոշել էր ամանորյա նվերներ պատրաստել իր հասակակից այն երեխաների համար, ում հայրիկները չվերադարձան կռվից: Նա այս անգամ վաճառել էր իր ձեռքով ստվարաթղթից պատրաստած զինվորի տնակները
«Տնակներ պատրաստեցինք, գնացինք Երևան, վաճառեցինք ու այդ գումարով գնեցինք խաղալիքներ՝ հրացաններ, սպայդերմեններ»:
Բանակին, զինվորին ու նրանց երեխաներին օգնող Վահեն հստակ որոշել է՝ մեծանա, հետախույզ է դառնալու, իսկ գնած նվերները զոհվածների երեխաներին հանձնեց «Հայ հերոսներ» բարեգործական թիմի կազմակերպած հանդիպման ժամանակ: Այստեղ ծննդյան տարեդարձի անակնկալ էր սպասվում Հացիկ գյուղից զոհված Սարգիս Իսկանդարյանի առաջնեկ որդուն՝ Լևոնին, ով Վահեի հասակակիցն է: Ծննդյան տորթը Սարդ-մարդի պատկերով նվիրեց իր սիրելի հերոսը ՝ Սարդ-մարդը: Մայրը՝ Աննա Ավետիսյանն ասում է, որ տղայի սիրելի հերոսները Սարդ- մարդն ու զինվորներն են:
Ամանորը երեխաների սիրելի տոներից է, նրանք անկախ ամեն ինչից սպասում են ձմեռ պապին ու ամանորյա իրենց նվերներին, և հավատացած են, որ ամանորի գիշերն այն գտնելու են զարդարված տոնածառի տակ: Այս ամանորը տարբերվելու է մյուսներից․ ուրախություն չկա, իսկ երեխաների ամանորյա հեքիաթն իրականություն էր դարձրել «Հայ հերոսներ» բարեգործական թիմը, որը կազմավորվել էր պատերազմի ընթացքում՝ աջակցելով զոհվածների ու վիրավորների ընտանիքներին: Թիմի ղեկավար Լիլիթ Գրիգորյանն ասում է իր նախաձեռնությանն աջակցել են տարբեր կազմակերպություններ, արմավիրցիներ, թոշակառուներ և այլոք։
«Կուզենամ նրանց անունները հրապարակել, Սպարտակ և Դավիթ Հակոբյանների հայրը, որը կորցրել է իր 2 որդիներին՝ չունենալով այլ երեխա, մտածեց, որ բոլոր այս երեխաներն իր երեխաներն են և իր հանգանակությամբ նրանց համար գնեց նվերներ: Էդ մեր հայի անկոտրուն տեսակն է: Երկու որդիների զոհվելուց հետո կյանքը շարունակելու նրա կոչը մեզ ստիպում է, պարտավորեցնում է լինել այս ընտանիքների կողքին»:
Արցունքը մաքրող ծնողներն ու հարազատները հետևում էին երեխաներին, որոնք պտտվելով տոնածառի շուրջը՝ անհամբեր սպասում էին Ձմեռ պապին ու իրենց նվերներին, որոնք չուշացան: Իսկ բոլորի ցանկությունը մեկն է՝ երեխաներն ապրեն ու ստեղծագործեն խաղաղ պայմաններում։