ԿարևորՀասարակություն

Եկեղեցին առաջնորդվում է ազգի և Հայրենիքի շահերով. Գարեգին Երկրորդ

Այսօր Սուրբ Գայանե վանքում մատուցված տարեվերջյան պատարագի ավարտին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է լրագրողների հարցերին։

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարց. Վեհափառ Տեր, ի՞նչ խոսք ունեք ժողովրդին ուղղելու։ 

Վեհափառ Հայրապետ. Փառք և գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ մեր ժողովրդի զավակները տարվա վերջին կիրակին այցելել են եկեղեցի` մեր ժողովրդի ու Հայրենիքի համար իրենց աղոթքը բարձրացնելու։ Անշուշտ, ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունը հայտնելու մեր Եկեղեցուն` համացանցում Եկեղեցու հասցեին հնչած բռնության ու սպառնալիքի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, սերը եւ նվիրումը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին։ 

Հարց. Եկեղեցին փորձո՞ւմ է միջամտել քաղաքականությանը։ 

Վեհափառ Հայրապետ. Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր Հայրենիքի շահերով։ Եվ համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ արտահայտում է իր վերաբերմունքը։ Եվ որևիցե կերպ դա չպետք է ունենա այլ մեկնաբանություններ։ Ինչպես մեր քաղաքացիները, առավելապես մեր Եկեղեցին իր կարծիքը ազատ է արտահայտելու։ 

Հարց. Դա աստվածահաճո՞ է։ 

Վեհափառ Հայրապետ. Եթե արտահայտած տեսակետը ի պաշտպանություն մեր ազգային շահերի է, ի պաշտպանություն մեր ժողովրդի է` դա աստվածահաճո է։ 

Հարց. Հարձակումները Եկեղեցու վրա ուղղորդվա՞ծ են։ Վեհափառ Հայրապետ. Չեմ կարող նման հաստատում կատարել, որովհետեւ չգիտենք, թե ովքեր են և ինչ ծավալի հարձակումներ են (ծրագրել)…

Հարց. Երկուսուկես տարի նման արշավներ եղե՞լ են։ 

Վեհափառ Հայրապետ. Ես չպետք է ցանկանամ մեկնաբանել այդ թեման։ Որոշ անձեր, որոնք ունեին կարծիք, տեսակետ, վերաբերմունք Հայոց Հայրապետի ու Հայ Եկեղեցու վերին իշխանության վերաբերյալ, արտահայտել են իրենց տեսակետը և այդ իրավիճակում կատարել են այն, ինչ իրենք համարել են, որ պետք է թույլ տան իրենց` իրենց նպատակին հասնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button