ԿարևորՀասարակություն

Արտահերթ ընտրությունների առաջարկ՝ առանց հստակ ժամկետների

Հայտնի է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոտավոր ժամկետը, բայց ոչ՝ օրը։ Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին դիմեց առաջարկով՝ հրավիրեց խորհրդակցությունների 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։ Առաջարկն արդեն հակասական արձագանք և գնահատականներ է առաջացրել քաղաքական դաշտում։ Միաժամանակ` արդեն նաև տեսանելի է, որ կուսակցությունները ինչ-որ առումով արդեն նախաձեռնում են նախընտրական քայլեր և հայտարարություններ։

Գործող իշխանության հեռացման համար փողոցում պայքարող ուժերը, ամենայն հավանականությամբ, հակված չեն ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021–ին արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական խորհրդակցություններ սկսելու առաջարկը։ Բայց այն ընդունում են որպես «Հայրենիքի փրկության շարժման առաջին լուրջ հաղթանակ»։

Ինչպես առաջարկը հրապարակվել է Ֆեյսբուքում, նույն տարբերակով քաղաքական գործիչները հերթով արձագանքում են։ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի կարծիքով` հաղթանակն այն է, որ իշխանությունը հասկացել է՝ պետք է հեռանա, բայց քննարկման ենթակա չէ, ըստ իրեն՝ գործող իշխանության կողմից արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը։

Նույն կարծիքին է նաև «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Փաստացի՝ այս ուժերի օրակարգային պահանջը նույնն է մնում։

Ինչպես խորհրդարանական վերջին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ից պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ արտահերթ ընտրություն կազմակերպելու բավարար լեգիտիմություն չունի․

«17 քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակների կողմից կազմված «Հայրենիքի փրկության շարժման» կողմից առաջադրված է վարչապետի թեկնածու և նրա վարչապետ դառնալուց հետո, անցումային կառավարության ձևավորումից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով նոր իշխանությունների ձևավորման հարցն է մեր օրակարգում»,-ասաց Տոնոյանը։  

Եթե խորհրդարանական ուժերից ԲՀԿ–ն կարծում է, որ արտահերթ ընտրությունների միջոցով գործող իշխանությունը փորձում է վերարտադրվել, խորհրդարանական մեկ այլ ուժը՝ «Լուսավոր Հայաստանը» ի սկզբանե ավելի «փափուկ» դիրքերից է դիտարկել հնարավոր բոլոր խորհրդակցությունները։ Սահմանել են միայն այն նշաձողը, որի դեպքում այս փուլում կարելի է քննարկել արտահերթ ընտրությունների գաղափարը։

Էդմոն Մարուքյան․ «Խաղի կանոնների» մեջ է մտնում քաղաքական կամքը, օրինակ՝ ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին ձերբակալելը, կալանավորելը, քրեական գործ հարուցելը։ «Խաղի կանոնների» մեջ է մտնում նաև մեդիայով բոլորին հավասար հնարավորություններ տալը. ովքեր խախտում են այդ կանոնը` պետք է խստիվ պատժվեն։ Սա է «խաղի կանոնների» մասին խոսակցությունը»։  

Խորհրդարանում կան գործիչներ, որոնք ղեկավարում են արտախորհրդարանական համարվող կուսակցություններ՝ այս խորհրդարան ընտրվել էին այլ ուժերի հետ համագործակցության միջոցով։ Այսօր արդեն օրինակ «Բարգավաճ Հայաստան»–ի ցուցակով ընտրված Տիգրան Ուրիխանյանը «Ալյանս» կուսակցությունով՝ ապագա իշխանություն ձևավորելու հայտ ներկայացրեց։

«Նոր որակի իշխանության ձևավորում․ արագ աշխատող, արագ արդյունք ապահովող, բայց պարտադիր փորձված, հմտություններով, մաքուր կենսագրությամբ, այո՝ ոչ հին, բայց ոչ էլ նոր, որի գործունեության արդյունքում մարդիկ չեն հասցնում հետևել մահվան պատճառ դարձած իրադարձություններին։ Մենք որպես քաղաքական ուժ, ըստ էության, այսօր հայտ ենք ներկայացրել երկրում իշխանություն փոխելու գործընթացին մասնակցելու։ Եվ այն, որ մենք այն հրապարակներում չենք, որոնք «զբաղեցնում» են նախկինում 17 կամ 16, կամ 22, հետո 14, վերջերս ասացին, որ իրականում՝ 3 քաղաքական ուժերի կողմից, դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք չենք մասնակցում, չենք մասնակցելու և շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ, քան` ոմանց կարող է թվալ՝ իշխանությունների փոփոխության գործընթացին»,- ասաց Ուրիխանյանը։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների կարծիքով՝ «արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հանձնառությունը համահայկական կարևորության սպասված քայլ է»։ Այս կուսակցությունից հայտարարում են՝ մասնակցելու են նախանշված բոլոր քաղաքական քննարկումներին և արտահերթ ընտրություններին։

Արտախորհրդարանական ուժերից «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, օրինակ, նախկինում իր արտահայտած կարծիքով՝ սպասում էր, որ արտահերթ ընտրությունների նախաձեռնողը պետք է լինի հենց Փաշինյանը։ Մինչդեռ արտախորհրդարանականներից «Քաղաքացու որոշում» կուսակցությունում ավելի ճիշտ տարբերակ էին համարում խորհրդարանական մեծամասնության օրոք քաղաքական «չեզոքություն» ունեցող գործադիրի ընտրությունն ու նրա կողմից անվիճարկելի ընտրությունների կազմակերպումը։

Այլ կերպ ասած՝ քաղաքական ուժերի մտահոգությունը կապված է վարչական լծակների օգտագործման հնարավորության հետ։ Դա թերևս վերաբերում է ցանկացած ուժին, որն այդ պահին կկազմակերպի ընտրությունները։

Հաջորդ ընտրությունների անաչառությունը ապահովելու հիմնավորմամբ՝ գործող թիմը վաղուց էր նախապատրաստում համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ «Կուսակցությունների մասին օրենք»–ի փոփոխություններն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են, հերթին մեջ է «Ընտրական օրենսգիրքը»։

Աշխատանքային խմբի համակարգող, պատգամավոր Համազասպ Դանիելյանն անգամ ժամկետներ է նախանշել․ «Գալիք տարվա սկիզբ՝ նախագիծ, և դրան արդեն հաջորդող մոտ 2 ամիսների ընթացքում նախագծի քննարկում և ընդունում»։  

Խորհրդարանի արտահերթ ընտրությունները կլինեն 2021–ին․ հայտարարության միջոցով հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ժամկետային այլ հստակեցում դեռ չի մտցրել։ Նաև հայտարարել է՝ պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից։ Չի համարում, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը ժողովրդի աջակցությունն ունի։ Փաշինյանը խոսում է ակցիաների «աջակիցների թվի նվազման և հրապարակի գործընթացի «մարման» մասին։

Վարչապետի պաշտոնի ճակատագիրը, ըստ Փաշինյանի, պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ։

Կարդացեք նաև

Back to top button