
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Արցախում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի պատվիրակությունը` նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Ստեփանակերտում այսօր համագործակցության երկու հուշագրեր են ստորագրվել: Առաջինը Հայաստանի Վճռաբեկ դատարանի և ԼՂ-ի գերագույն դատարանի միջև էր, երկրորդը` դատավորների միությունների: Արցախում վճռաբեկության իրավասությունը Սահմանադրությամբ Գերագույն դատարանի վճռաբեկ պալատին է վերապահված: Այսօրվա հուշագրով թարմացվել են 2005 թվականի նմանատիպ փաստաթղթով հաստատված դրույթները:
Այդ անհրաժեշտությունը ծագել է Արցախում դատական համակարգի համընդգրկուն բարեփոխումներից հետո, որոնք սկսվել էին 2006-ին ԼՂ-ի Սահմանադրության ընդունումից հետո: Հուշագիրը հստակեցնում է համագործակցությունը միասնական տեղեկատվական դաշտի ձևավորման, մասնագետների վերապատրաստման, դատական պրակտիկայում կուտակված փորձի փոխանակման և այլ ոլորտներում:




