
Ատոմակայանի գործող էներգաբլոկի կյանքը 2026 թվականից հետո ևս 10 տարով երկարացնելու առաջարկով է ատոմակայանի տնօրինությունը դիմելու և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը։
Հայաստանն այնքան հարուստ երկիր չէ, որ 3026 թվականին հրաժարվի այս էներգաբլոկի շահագործումից։ Էներգոհամակարգի զարգացման հեռանկարներ կա և կառավարությունն այդ ուղղությամբ առաջիկա տարիներին կսկսի մտածել, հույս է հայտնում Մովսես Վարդանյանը։
«Քանի որ այս բլոկը շարունակում ենք շահագործել, ժամանակի առումով որոշակի ժամանակ ունենք նոր բլոկների մասին մտածելու՝ ավելի անվտանգ ավելի համապատասխան մեր էներգահամակարգին»,-նշեց Վարդանյանը։
Որքանով է անվտանգ նոր էներգաբլոկի կյանքը տասնամյակներով երկարացնելը։ Հարցին ի պատասխան, «Ռադիոլուրի» զրուցակիցն ասաց, որ նմանատիպ բլոկների շահագործման նախագծային ժամկետի երկարացման փորձ կա և՛ Ռուսաստանում, և՛ Ուկրաինայում։ Նման բլոկների շահագործման ժամկետը երկարացնում են մինչև 60 տարով։ Հայաստանը, սակայն, առաջին 30 տարուց հետո առաջին 10 տարին է երկարացնում։
«Անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ առայժմ չկա այս բնագավառում։ Այդ իսկ պատճառով մենք դեռևս կշարունակենք աշխատել»,- փոխանցեց ատոմակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։
Սակայն հուսով է, որ դրանից հետո էլ նորից 10 տարով երկարացնելու հնարավորություն կունենան։

Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգմանը կտրականապես դեմ է էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը։ Մինչև 2026 թվականը Հայաստանը պետք է նախապատրաստվի առանց ատոմակայանի աշխատանքին, կարծում է։ Մենք լավ հարաբերությունների մեջ ենք ածխաջրածնային վառելիք ունեցող Իրանի ու Ռուսաստանի հետ։
«Չգիտեմ ինչու է այդ կառուցումը դանդաղում, բայց մենք պետք է կառուցենք ևս մեկ 220 մեգավատանոց էներգաբլոկ։ Եթե նման բլոկ կառուցվի, ուրեմն մենք կարող ենք մեր հարցերը լուծել առանց ատոմակայանի»,- հավելեց Սահակյանը։
Այսօրվա դրությամբ նոր ռեակտորի կառուցման մասին խոսք չի կարող լինել, իր հերթին «Ռադիոլուրին» ասաց էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը։ Լուրջ գումարներ ու մասնագետներ են պետք, որոնք հեռացել են երկրից։ Այժմ պետք է մտածել այս ռեակտորի կյանքը 10 տարով երկարացնելու մասին։ Եթե դրա աշխատանքն էլ կանգնի, ապա Հայաստանը լուրջ խնդիրների առաջ կկագնի։
«Եվ էներգիայի արդյունահանումը արտադրությունների համար, եվ բնակչությանը էներգիայով ապահովելու համար և որ երկու անգամ կթանկանա էլեկտրաէներգիայի գինը»,- ասաց Արմեն Մանվելյանը։
Վաղուց պետք է սկսված լիներ ռեակտորի վերանորոգման և կյանքի երկարաձգման աշխատանքները, սակայն, ըստ փորձագետի, ոչինչ չի արվել և արվում։ Իսկ ատոմակայանից վստահեցնում են, որ արդիականացման ծրագրեր միշտ են կատարվում, որպեսզի ատոմակայանը մինչև 2026 թվականն անվտանգ շահագործվի։
2021թվականին արդիականացման ծրագրերի համար կծախսվի մոտ 55 մլն դոլար գումար։ Իսկ ատոմակայանի աշխատանքները հաջորդ տարի 141 օր կկանգնեցվեն այդ աշխատանքների իրականացման համար։




