ԿարևորՀասարակություն

Ինչպես որդու ծնվելու լուրը լսելուց հետո մայորը գրավեց թշնամու դիրքերը

Կապիտան Արթուր Ճաղարյանի բաժին հասած պատերազմը Ջաբրայիլում էր։ Բայց մինչ այդ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ծառայել՝ Բերդում, ապա Մեղրիիում։ Սկզբում տանկը փորձեց նրան չեզոքացնել, չհաջողվեց, հետո ԱԹՍ–ն. հաջողեց։

«Տաս հոգի մարդ է իմ հետ եկել, կամավոր, դա այն հարցն էր, որ կարող էին նաև չգալ։ Ես գնացել եմ, իմ հետևից եկել են իմ տասը առյուծ տղերքը։ Իրենք չեն մտածել իրենց ծնողների, իրենց ընկերուհիների, եղբայրների, քույրերի մասին։ Իրենք միայն մտածել են, որ առաջինը սա մեր ազգի հարցն է, մենք պիտի լուծենք, մենք պիտի պահենք, ազգի պաշտպանները մենք ենք։ Երկրորդն էլ հաշվի են առել այն գաղափարը, որ հրամանատարը գնում է, իրեն չեն կարող մենակ թողնել»։ 

Կապիտանն ասում է՝ մարտական ընկերը նա է, ով քո կյանքը իր կյանքով է չափում։ Նրան դաշտում են գտել, վիրավոր, գտել են իր զինվորները ու կյանքը փրկել։ Կապիտանը փրկվել է, նրան փրկողները՝ զոհվել։

«Ունեմ երկու տղա երեխա, դրան էլ գումարում եմ հինգ հոգի, հիմա ինձ ունեմ յոթ տղա երեխա։ Ես իրենց, իմ էրեխեքի, իմ ընկերների, իմ փոքր եղբայրների պես եմ ընդունում մինչև հիմա։ Իրենց հետ հիմա կապ չունեմ, որովհետև ծառայության բերումով հիմա գտնվում են կադրերի տրամադրության տակ։ Իրենք ունեն ուրիշ հրամանատար, ուրիշ վերադաս կազմ», — նշում է կապիտանը։

Արթուր Ճաղարյանը

Ու թեև կապիտանը բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, իսկ տղաները այլ տեղ են շարունակում ծառայությունը, կապիտան Ճաղարյանը շարունակում է նրանց հետ կապի մեջ լինել։ Հերթով թվում իր տղաների անուն–ազգանունները և խնդրում անպայման հրապարակել դրանք։

Շարքային Կարապետյանը ծառայել է Մատաղիսում։ Ծառայությունը երկու հավասար մասի է բաժանվել ու կանգ առել ուղիղ կեսճամփին։ Մեկ տարին անցել է, մյուսը գուցե վերականգնողական կենտրոնում անցնի։ Ապագա իրավաբանը հիշում է՝ անցյալում ինչպես վիրավորվեց։ Ականանետի ձայնը լսվում է, երբ թիրախից ընդամենը 50 մետր է հեռու։ Ձայնը լսեց ու հասցրեց միայն սաղավարտը դեմքին քաշել։

«Կինոյի մեջ ոնց է, որ չես պատկերացնի նման բան։ Տասը րոպե քարացած նայում էինք վերև, ուզում էինք տեսնել՝ այդ ինչ է։ Տեսել ենք հրանոթները, իր լիցքերը։ Տեսել ենք, բայց չենք պատկերացրել, որ մեր վրա կգա։ Անսպասելի էր, միանգամից առավոտ շուտ սկսվեց այդ ամեն ինչը»,-ասում է Գարիկը։

Պայթեց իրենից կես մետր հեռու։ Յոթը վիրավորվեցին, մեկը՝ մահացավ։ Գարիկն ասում է՝ ես պիտի մահանայի, բայց նա ոտքի չկանգնեց։ Նա, ով  նշանված էր ու պետք է ամուսնանար։ Նա, ում ծառայության ավարտին 80 օր էր մնացել, ու այդպես էլ չավարտվեց այդ 80 օրը։

«Լիքը մարդիկ կան, որ մնացել են այնտեղ, մենակ մեր մոտ չէ էլի, տարբեր տեղեր, որ իրենց տիրապետության տակ են արդեն։ Դա ավելի շատ էր մտածմունքի մեջ գցում։ Հիմա ծնողս ինձ տեսնում է, բայց էն մյուս ծնողն իր որդու դիակը չունի, որ դրանով հանգստանա։ Շատ ծանոթ մարդիկ կային, իմ հասակակից, ինձնից մեծ։ Զուտ էդ ամեն ինչը չի տեղավորվում մեջդ՝ ինչի էլի»,-պատմում է Կարապետյանը։

Պատերազմը նրա համար տեւել է 21 օր։ Մի կողմից հասկանում է, որ կռվում զոհվում են, մյուս կողմից էլ՝ ինչպես կարող է նորմալ  լինել , երբ կողքիդ մարդ է մահանում։ Ասում է՝ փառք Աստծո, չեմ խելագարվել, մի քիչ սառը մարդ եմ։ Կան դեպքեր, որոնց մտովի անընդհատ վերադառնում է, բայց դրանցից ձայնագրիչը պետք է անտեղյակ մնա։ Խոստումս պահում եմ ու այդ մասին Ձեզ էլ չեմ պատմի, փոխարենը ինքը կպատմի լուսավոր դեպքերից մեկը։

Հայկ Հայրապետյանը

«Քնած էինք, ես արթուն պահակ էի այդ ժամանակ, զանգ է գալիս անունը Վիկտոր էր, ասում են Վիկտոր տղադ ծնվել է, աչքդ լույս լինի։ Շատ է ուրախանում, մենք էլ իմանում ենք, շնորհավորում  իրեն։ Ասում է՝ հանեք իմ տղերքին, ասում ենք՝ ինչու՞ պարոն մայոր, ի՞նչ է եղել։ Ասում է՝ հետ ենք գնում, որ ես այս դիրքերը հետ վերցնեմ։ Տասը հոգով գնում են ու չորս դիրք հետ վերցնում։ Շատ ուրախալի է էլի։ Մի անգամ չէ, այդ նույն մարդը հինգ անգամ կրկնել է նույնը։ Մոտ երեսուն հոգով գնում էին, չորս դիրքում տեղավորվում, ամենաքիչը 800 մետր երկարություն ունեցող դիրքեր էին, կարող է 500 հոգով գային, ինչքան որ կարողանում էին, պահում էին։ Հետո հետ էին գալիս մեր մոտ, հինգ ժամ հանգստանում ու հետ էին գնում, նորից վերցնում»,-հիշում է Գարիկ Կարապետյանը։

Հայկը դաշնամուրի հարցում ինքնուս է, իրավաբանությունը ծնողների ցանկությունն էր, իսկ դերասանությունը՝ իր։ Մարտունի երկուսում  ծառայել է, Հադրութում՝ կռվել։ Վիրավորվել է պատերազմի վերջին օրը, ավարտից մի քանի ժամ առաջ։

«Ոչ ոք չի վիրավորվել, բացի ինձնից։ Ես էլ եմ զարմանում, ամենավերջին օրն եմ վիրավորվել ու զարմանում եմ ինձ վրա, որովհետև շատ ուշադիր եմ եղել ամբողջ պատերազմի ժամանակ։ Ամեն տեղ էլ եղել եմ, ուղղակի ես ինձ վրա զարմանում եմ։ Մենք համարյա ոչ մի բան չունեինք։ Երբ որ մեր տեխնիկան տրաքացրեցին յոթն էլ , մենք էլ ոչ մի բան չունեինք, չգիտեինք՝ ինչ անենք։ Հիմնականը անօդաչուներն էին, եթե չլիներ, ապա մենք կհաղթեինք այս պատերազմում»։

ԱԹՍ–ի բեկորը կպել է գլխին, հասցրել է գոռալ՝ ցավում է։ Դեպքը չի հիշում, տղաներն են պատմել։ Աչքերը բաց են եղել, բայց գիտակցությունը տեղը չի եղել։ Պատերազմը նրա համար երկու շաբաթվա մեջ է տեղավորվել, սկսվել ու ավարտվել, իսկ կյանքը շարունակելու կռիվը դեռ ընթանում է։

«Բնականաբար արդեն մեծի պես ենք մտածում, ամեն ինչ փոխվել է մեր կյանքում, ուրիշ ձև է։ Առաջվա նման չի մտածելակերպը, աշխարհայացքը։ Ամեն ինչը փոխվել է։ Առաջնայինը ինձ համար քայլելն է, ուրիշ ոչ մի բան ինձ համար արժեքավոր չէ այս պահին։ Բնականաբար, հետո լինելու է, բայց այս պահին չկա»։

Տղաները ոտքի կկանգնեն, մի անգամ քայլել սովորողը երկրորդ անգամ էլ կսովորի։ Դժվարությամբ, բայց վճռականությամբ։ Նրանց լսելիս եղունգներս ակամա խրվում են մաշկիս մեջ, բայց ցավ չեմ զգում, որովհետև դիմացս ցավն արահամահող ու կյանքը դիմավորող մարդիկ են։

Կարդացեք նաև

Back to top button