
Փրկարարները, ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներից կազմված որոնողա-փրկարարական ջոկատները շարունակում են փնտրել ինչպես զոհված զինծառայողների մարմինները, այնպես էլ ողջ քաղաքացիների, «Ռադիոլուրին» փոխանցել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։
Նա հայտնել է, որ նախօրեին որոնողական աշխատանքները շարունակվել են հարավային թևում, սակայն օրվա ընթացքում նաև հյուսիսային հատվածում՝ Թալիշում և Մատաղիսում։ Այստեղից դուրս է բերվել 3 զոհված զինծառայողի աճյուն։ Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 24-ը դուրս է բերվել 1073 աճյուն։
Արդեն 90 օր է, ինչ զրուցակիցս որդուց՝ Յուրեն Անանյանից, լուր չունի։ Ալավերդիից Երևան 170 կմ երկարությամբ ճանապարհն արդեն երկու ամսից ավելի է անցնում է գրեթե ամեն օր։ Որդին Ռուսաստանից էր եկել՝ հայրենիքի առաջ պարտքը կատարելու համար։ Ծառայել է Թալիշում։
«Ադրբեջանի ալիքներով տեսել եմ, որ գերի են վերցնում հենց Թալիշի զորամասի զինվորներին։ Ես մեկին նմանացնում եմ իմ տղային։ Կարմիր խաչին դիմում եմ, ասում են՝ դա փաստ չէ։ Բա ի՞նչն է փաստ, եթե տեսանյութ չլինի, ես ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ իմ երեխան գերի է։ Կարող է տարիներով մնալ Բաքվում, սակայն, մենք այդպես էլ չիմանանք»։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրին» փոխանցեց՝
«Դժվար է ասել կոնկերտ դեպքի հետ կապված ինչ կարող է լինել, քանի որ կարող են նաև լրացուցիչ տեղեկություններ լինեն։ Պետք է հաստատում լինի պաշտոնական, որն էլ հիմք է հանդիսանում մեզ համար։ Եթե պաշտոնապես ասում են, որ իրենց մոտ չեն, մենք չենք կարող շարունակել, սակայն, եթե լրացուցիչ փաստեր ի հայտ գան, մենք կարող ենք նորից վերսկսել հարցումները»։
Մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թեժ գիծը մոտ 8000 զանգ է ստացել, 1000 անհատական այց են իրականացրել։ Նախ բոլորին գրանցել են, ապա կապի մեջ են մտել նրանց հետ, որոնց հարազատները կամ գերեվարված են, կամ ենթադրյալ գերի են։ Կապը պահում են նաև անհետ կորած քաղաքացիական անձանց հարազատների հետ։
Զառա Ամատունին ասում է, որ որևէ պատրաստվող գործողության ամսին նախապես չեն հայտնում։ Դրա մասին խոսում են միայն հաստատումից հետո։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ, որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են հարավային հատվածում.
«Ի դեպ, և ողջերի, եւ զոհված զինծառայողների որոնման ուղղությամբ են աշխատանքներն ընթանում։ Երկու խումբ հարավային շրջանում են՝ Հադրութն ու մերձակա հատվածներն են, և մեկ ջոկատ հյուսիսային թևում են աշխատում՝ Թալիշ, Մատաղիս ուղղություններում»։

Վերջին տվյալներով` նոյեմբերի 13–ից մինչև դեկտեմբերի 24–ը դուրս է բերվել 1073 աճյուն։
Խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ Արցախում անհետ կորած հայ զինծառայողների մասին տեղեկություններ հավաքագրելու թեժ գծի աշխատանքի մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահներին դիմել են անհետ կորած 537 զինվորականների համար։ Տվյալները ստուգվել, մշակվել և փոխանցվել են խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի որոնողական ջոկատներին:




