
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը մանրամասներ է ներկայացնում սոցցանցերում տարածված այն տեսանյութի վերաբերյալ, թե իբր ադրբեջանական զինված ուժերը Սեւանա լճի մոտակայքում են։ Կենտրոնի տվյալներով նկարահանումն արվել է բոլորովին այլ վայրում։
Պարզաբանումը` ստորեւ.
Ադրբեջանական հարթակներից Ֆեյսբուքի հայկական տիրույթ հերթական խուճապային տրամադրություններ ստեղծող տեսանյութ է ներթափանցել։
Որոշ օգտատերեր, անդրադառնալով տեսանյութում պարող ադրբեջանական զինվորներին, գրառումներ են կատարել, նշելով, թե իբրև վերջիններս գտնվում են Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, հայտնում է, որ վերջինիս նկարահանման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ Տեսանյութն արվել է Ալ լճի մոտակայքում (39°59’49.85 45°41’30.23), ինչը Սևանից ուղիղ գծով մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` անդրադառնալով սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին, հստակեցրեց, որ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի էլ կարող լինել։




