
Հայաստանը մինչև հունվարի վերջ կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Բանակցություններ են վարվում ինչպես ռուսական, այնպես էլ Պֆայզեր ու Մոդեռնա ընկերությունների պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ։
Դեռ սեպտեմբերին առողջապահության նախարարությունը միասնական գնումների միջոցով ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների համար գնային հասանելիություն ապահովող Քովաքս ֆասիլիթի նախաձեռնության հետ կնքել է բնակչության 10 տոկոսի հաշվարկով պատվաստանյութ գնելու պայմանագիր։ Յուրաքանչյուր երկրի առաջարկվում է բնակչության մինչև 20 տոկոսին պատվաստել։
«Եթե հետագայում կարողանանք հասկանալ և՛ պահանջարկը, և՛ պատվաստումները կարողանան նորմալ կատարել, և՛ նաև ֆինանսական միջոցները կարգավորել, ապա երկիրը կարող է հասցնել մինչև 20 տոկոսի»։
Ռուսաստանի կողմից նվիրաբերած «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ հետաքրքրությունը մեծ է։ Պատվաստանյութի երկու դեղաչափն արդեն պատվաստվել է նախարար Արսեն Թորոսյանին։ Կողմնակի որևէ ռեակցիա չի եղել, ասաց։ Զգացողությունը լավ է։
«Ասեմ, որ ես ինքնս էլ եմ պատվաստվել, և նորից լավ եմ»։
Թե որ պատվաստանյութերի վերաբերյալ Քովաքս ֆասիլիթին ինչ գին կառաջարկի, դեռևս հստակ չէ։ Միայն հստակ է, որ ամենաթանկ պատվաստանյութը Մոդեռնան է առաջարկում։ Այսօրվա դրությամբ երեք-չորս պատվաստանյութերը, որոնց վերաբերյալ ինֆորմացիան գիտական գրականության մեջ ավելի բաց է , անվտանգ են ու արդյունավետ։Այդ պատվաստանյութերի 90 տոկոսից ավելի արդյունավետության մասին են խոսում։
Սակայն այստեղ մեկ այլ խնդիր կա։ Արդյո՞ք այդ ընկերությունները կկարողանան կարճ ժամանակահատվածում արտադրել այնքան չափաքանակ, որը կբավականացնի երկրագնդի բնակչության զգալի մասին պատվաստել։
«Սա խնդիր է, որն արդեն տեխնիկական է, որն արտադրական ծավալների հետ կապ ունի։ Եվ, ցավոք սրտի, ես նորից մնում եմ իմ այն կարծիքին, դժվար է սպասել, որ առաջիկա մի քանիս ամիսներին մեր երկրում մեր բնակչության մի զգալի մասը կպատվաստվի»։
Այն, որ ամբողջ աշխարհի պահանջարկը պատվաստանյութով բավարարելը տեխնիկական բարդ խնդիր է, հաստատեց նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչը։ Սակայն Քովաքս ֆասիլիթիին անդամագրված 192 երկրները 3 տոկոս խմբաքանակ կստանան ռիսկի խմբում գտնվող բուժաշխատողների ու փորձարարական ծառայություն մատուցողների համար։
«Եվ այսպես։ երեք տոկոսով համապատասխան ռիսկի խմբերի համար մինչև 2028 թվականի դեկտեմբերի վերջը, ըստ ժամանակացույցի, երկրները կստանան»։
Կորոնավիրուսով վարակվելուց հետո, թե որքան են օրգանիզմում պահպանվում հակամարմինները, իրարամերժ կարծիքներ կան, ասաց համաճարակաբան Արման Բադալյանը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսը չեզոքացնող հակամարմինների տիտրը իջնում է մինչև 5 ամիս։
«Մեծ հաշվով կապ չունի հիվանդացել ես, թե՝ ոչ, պետք է պատվաստվել»։
Իսկ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի վտանգավորության վերաբերյալ վարակաբան Հովակիմ Զաքարյանն ասաց, որ ՌՆԹ գենոմ ունեցող վիրուսներին բնորոշ իրավիճակ է, երբ նման վիրուսները կարող են ունենալ մուտանտ տարբերակներ; Կորոնավիորւսի նոր շտամից անհանգստանալ պետք չէ, ասաց մասնագետը։
«Այն տեխնոլոգիաները, որոնք կան գիտնականների ձեռքին , թույլ են տալիս շատ արագ դրա դեմն առնել, եթե, իհարկե, համապատասխան մարմինները օպերատիվ գիտնականների հետ միասին կարողանում են հակաքայլերը մշակել։ Պետք չէ խուճապի մեջ ընկնել։ Ընդամենը պետք է ավելի ուշադիր լինել ու շարունակել ուսումնասիրել վիրուսը»։
Իսկ Հայաստանում կորոնավիրուսային պատկերն այնքան էլ մտահոգիչ չէ, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը; Երեք օրվա ընթացքում ունեցել ենք 702 նոր դեպք։ Մոտ երկու շաբաթ է չունենք տներում իրենց բուժօգնությանը սպասող պացիենտներ։ Ավելին, որոշ հիվանդանոցներ անցել են իրենց բնականոն աշխատանիքին՝ միշտ պատրաստ լինելով կորոնավիրուսով պայմանավորված զարգացումներին։ Ըստ նախարարի՝ պատկերը հանգստացնող է նաև մահացության ցուցանիշների դեպքում։ Մահացության թվերը տատանվում են 1-1.5 –ի տոկոսի շրջանակներում։
«Նույնիսկ վատ ժամանակներում երկու տոկոսից չի անցել մեզ մոտ մահացության ցուցանիշը»։
Միաժամանակ մասնագետները հորդորում են. ձմեռային եղանակին տարածվածության ռիսկը մեծ է, անհրաժեշտ է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները։




