ԿարևորՀասարակություն

Իշխանության և ընդդիմության սգո երթը

Դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում հայտարարվեց եռօրյա սուգ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Փառք մեր ընկած հերոսներին և փառք մեր ապրող հերոսներին, և փառք նրանց, ովքեր դեռ կհերոսանան` մեր ժողովրդի երազանքները իրագործելու ճանապարհին։ Այսօր 13-00-ին հանդիպում ենք՝ իրականացնելու  երթը մեր հերոսներին, որն ի ցույց կդնի այն, որ մենք ապրելու ենք և մենք այստեղ ենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում և սպասում էին  դեպի Եռաբլուր սգո երթի մեկնարկին։ Մինչ նրանք տարբեր վանկարկումներով և իրենց ներկայությամբ ցույց էին տալիս իրենց աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Եռաբլուրում էին բևեռի հակառակ ուղղությանը հարող մարդիկ։ Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների շարքում կային մարդիկ, ովքեր ընդգծում էին, որ քաղաքական ոչ մի թևին էլ չեն աջակցում, իսկ սգո երթին եկել են մասնակցելու ի հիշատակ զոհված տղաների։ Քաղաքացի Գենադին ասում է, որ բոլոր իշխանությունների օրոք չի վախեցել մատնանշելու նրանց սխալները․

«Լևոնն  էլա  հանցագործ, ժողովրդի փողերը կերավ, Քոչարյանը կերավ ու ձեռքերն էլ արյունով մաքրեց, նույնն էլ Սերժը, Փաշինյանն էլ շատ թույլ ա, մենակով ոչ մի բան չի կարող անել, ում էլ ինչ ասում ա՝ չեն լսում»։

Այնուամենայնիվ- վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջաիկիցների շարքում էին զոհված ազատամարտիկների ծնողները, Ջաբրաիլում զոհված Հովհաննեսի հայրն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վճռական գտնվի․

«Նիկոլը պետք է ձեռքը բռունցք սարքի ու, կոպիտ ասած, ջախջախի բոլորին ու ոչնչացնի հողերը իրականում ծախածներին ու օլիգարխներին։ Միայն դա կարող եմ ասել»

Եռաբլուրում իրավիճակը լարված էր։ Քաղաքացիները Եռաբլուրում էին, որ խոչընդոտեին Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս պահին այդ երթի կազմակերպումը ուղիղ սադրանք է, որը միտում ունի ժողովրդի մեջ բախումներ հրահրել, իսկ Եռաբլուրում իր գտնվելու հիմնական պատճառը հնարավոր բախումների դեպքում նպաստ ունենալն է, որ չլինեն ծանր դեպքեր․

«Օրեր շարունակ զոհվածների ծնողները հայտարարում  էին, որ իրենց կորուստների համար մեղավոր մարդիկ ոտք չպետք է ունենան Եռաբլուր և այս օրերին նման երթ կազմակերպելը թշնամական քայլ է ՀՀ նկատմամբ, որովհետև մենք 1,5 ամսում ունեցանք մոտ նույնքան զոհ, որքան Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 3-4 տարիներին։»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը հասավ Եռաբլուր` հարգանքի տուրք մատուծելով զոհված զինծառայողների հիշատակին։

Այսօր սգո երթ էին իրականացնում նաեւ 17 կուսակցությունների աջակիցները։ Նրանք հավաքվել էին Ազատության հրապարակում։ Մեկ րոպե լռությամբ հարգեցին  զոհված տղաների հիշատակը։ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապանյանը աղոթք հղեց առ Աստված նրանց հոգիների խաղաղության համար: Սրբազանը նշեց, որ 1988 թվականի փետրվարին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինքը կանգնած էր հանրահավաքների վերջին շարքերում  որպես սարկավագ  և աղոթում էր, որ իրադարձությունները զարգանան երազանքների հունով և երբեք չէր  կարող երևակայել, որ 32 տարի հետո նույն  հրապարակում կկանգնի՝ հայրենեիքի կորստի գիտակցումով․

«Զիջելու տեղ չի մնացել, ես իմ ապրելու իմաստն եմ կորցրել , իմ հպարտությունն ու երջանկությունն եմ կորցրել և նույնիսկ իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել։ Ինձ միայն Աստված պետք է ուժ տա, որպեսզի շարունակեմ ապրել և պայքարել հանուն հայրենիքի»։

16 կուսակցությունների միասնական թեկանծու, «Հայրենիքի փրկություն» շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը  նշեց, որ հավաքվել են հիշատակելու հերոսներին, որոնք նահատակվեցին՝ հայ ժողովրդի պատիվը պահպանելու համար.

«Երբ պատերազմը սկսվեց, մենք կարող էինք հաղթել, եթե մինչև պատերազմը արվեին այն աշխատանքները, որոնք չարվեցին։ Ասում են 2,5 տարին քիչ է, բայց 90-ական թվականներին մենք նույն 2,5 տարում 0-ից ստեղծեցինք այդպիսի բանակ, որը ջախջախիչ պարտության մատնեց Ադրբեջանին»։

Վաղը Հայոց եկեղեցիներում սուրբ պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստի արարողություն արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

Կարդացեք նաև

Back to top button