ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարարն անընդունելի է համարել ԱլԳ անդամ երկրի կողմից նախաձեռնության հիմքում ընկած արժեքների ոտնահարումը

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Երկուստեք ընդգծվել է, որ Գործընկերության խորհրդի հերթական նիստի անցկացումը լավ հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և բովանդակային քննարկումներ ծավալելու հետագա անելիքների ու ծրագրերի շուրջ:

ԱԳ նախարարի և ԵՄ Բարձր ներկայացուցչի հանդիպման առանցքային թեմաներից էին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անընդունելի է համարել ԱլԳ անդամ երկրի կողմից նախաձեռնության հիմքում ընկած արժեքների ոտնահարումը և Թուրքիայի գործուն աջակցությամբ Եվրամիության Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման փորձ ձեռնարկելու վտանգավոր նախադեպի ստեղծումը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը խորը մտահոգությամբ նշել է, որ Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավվածությամբ Ադրբեջանի գործողությունները վտանգում են անվտանգային միջավայրը Արևելյան հարևանության տարածաշրջանում և աղետալի հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանային անվտանգության համար:

Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Կարդացեք նաև

Back to top button