ԿարևորՀասարակություն

ՄԻՊ աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է ահազանգեր. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է ահազանգեր։ Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում՝ կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և, վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է: 

Ինքս եմ իմ աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում:

Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ, իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում: 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ եմ շեշտում՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին: Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ»,- ասված է ՀՀ ՄԻՊ արման Թաթոյանի գրառման մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=775054603093747&id=100017676420633

Կարդացեք նաև

Back to top button