
Սյունեցիները փակել են Կապան-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի պետությունը քայլեր ձեռնարկի սահմանների անվտանգության հարցով: Սյունիքի մի շարք դիրքերում թշնամու դիմաց կանգնած են գյուղացիներից կազմված կամավորական ջոկատներ:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի գործընկերների հետ։
Ըստ նրա՝ Սյունիքի մարզպետն այս փուլում աշխատանք է տանում և՛ սահմանապահ ծառայության գործընկերների, և՛ ՊՆ-ի գործընկերների հետ։
«Ապատեղեկատվությունից խուսափելու համար պետք է նշել, որ ՀՀ-ի սահմաններն ամուր են և մեր զինված ուժերի կողմից վերահսկելի են»,-ասել է Սուրեն Պապիկյանը։




