
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախում այս տարի օձի խայթոցի 10 դեպք է գրանցվել, տուժածներից հինգին, ինչպես առողջապահության նախարարությունից են հայտնում հակաթույն է սրսկվել: Մահացու խայթոցներ, բարեբախտաբար, չեն եղել:
Օձի խայթոցի վերջին դեպքը Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում էր տեղի ունեցել, ասում է Արցախի փրկարար ծառայության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվութայն բաժնի պետ Արմեն Նարիմանյանը:
Տուժածն օգնություն ստացել է Մարտակերտի շջանային հիվանդանոցում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Արցախի բոլոր շրջանային բուժմիավորորումները հակաթույնով ապահովված են: Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի բնակիչ 27-ամյա Քաջերիկ Բաղրյանը այն տուժողներից է, որ բժշկական օգնություն ստացել է և Հադրութի հիվանդանոցում, եւ Ստեփանակերտում` հանրապետական հիվանդանոցում: Օձը խայթել է ձախ ոտքը և Քաջերիկը վազքով ստիպված երկար ճանապարհ է անցել, ինչը նպաստել է թույնի տարածմանը:
Ստեփանակերտի հանրապետականի վերակենդանացման ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Հայրապետյանը բարեբախտություն է համարում, որ հիվանդը մեկ ժամվա ընթացքում հակաօձային պատվաստում է ստացել:
Փրկարար ծառայությունում, օձերի այս տարվա ակտիվությունը կապում են եղանակային պայմանների հետ:
Վերջին տարիներին փոխվել է բնակչության արձագանքը օձի հայտնաբերման դեպքում: Ծառայությունում ավելի հաճախակի են ահազանգեր ստանում, հետզհետե սկսում է արմատավորվել սողուններին անհարկի ոչնչացնելուց ձեռնպահ մնալու գաղափարը:
Արցախում քսամեկ տեսակի օձ կա, որից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող չորս տեսակի օձեր: Սակայն, բնականաբար, շատ քչերն են կարողանում դրանք տարբերակել:
Մասնագեները խորհուդ են տալիս պահպանել զգուշավորություն և անվտանգության տարրական կանոնները. հակառակ շոգին՝ դաշտում լինել երկարաճիտք կոշիկներով, օձին հանդիպելիս փոխել ճանապարհը:




