
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում գյուղատնտեսությանը սպառնում են այն նույն վտանգները, որոնց ժամանակ առ ժամանակ բախվել են Տավուշի գյուղացիներն իրենց հողատարածքները մշակելիս։ Երկու մարզն էլ արդեն սահմանակից են Ադրբեջանին։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ընդգծում է՝ խնդիրներ են առաջանալու Գորիսում, Կապանում, Սիսիանում։ Այս տարածքների բնակիչների արոտավայրերի ու վարելահողերի մի մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ։
«Սյունիքում տեղացիները բավականին լուրջ խնդիրներ էին կարողանում լուծել իրենց համար, քանի որ օգտագործում էին ազատագրված տարածքների արոտավայրերը, որոնք օգտագործում էին գրեթե ամբողջ տարին։ Այստեղ անասնագլխաքանակը ավելանում էր, այգիներ էին հիմնադրվում։ Սրանք հիմա կորստի են մատնվել, ինչը լուրջ խնդիր է առաջացնելու Սյունիքի մարզի գյուղացիների համար»։

Թե Հայաստանում այս տարի քանի հեկտար հողատարածք է մշակվել, դեռ պարզ չէ։ Պետրոսյանը նախորդ տարվա թվերն է մեջբերում՝ 51–52 հազար հա հողատարածք ։ Ենթադրում է՝ գուցե մի քանի հա ավելի շատ է այս տարի մշակվել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Նախկին փոխնախարարը հիշում է՝ Հայաստանում 2005–2006 թվականներին 125 հազար հա հող էր մշակվում։ Սակավահող երկրում վարելահողերի մոտ 47 տոկոսը չի մշակվում։
Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում գյուղատնտեսության ոլորտում լուրջ ներդրումներ են կատարվել։ Դրանց առյուծի բաժինը՝ ազատագրված տարածքներում, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են՝ ասում է արցախցի փորձագետ Բենիկ Բախշյանը։
«Հազարավոր տոննաներով նուռ, անասնագլխաքանակ, գյուղտեխնիկա է մնացել դաշտում։ Հիմնական ներդրումները ազատագրված տարածքներում էին, քանի որ այնտեղ լայնամասշտաբ հողեր էին, ջրամատակարարման և այլ առումներով ավելի նպաստավոր պայմաններ էին»։
2020թ Արցախում ցորենն ու գարին հավաքել են։ Պատերազմի պատճառով շուրջ 200 հա հացահատիկ մնացել է դաշտում։
1000 հա էլ խաղողի այգիներ մնացել են Ադրբեջանի տարածքում։ Նախկինում Արցախում 18 հազար հա խաղողի այգիներ են մշակել, շուրջ 150 հազար տոննա խաղող աճեցրել։ Հետագայում այդ թվերը կրճատվել են՝ հասնելով 1500 հեկտարի։ Ըստ Բենիկ Բախշյանի՝ 2019թ Արցախում արտադրվել է 8 հազար տոննա խաղող։

Փորձագետը վստահ է՝ առաջիկա մի քանի տարիներին Արցախում հիմնական գյուղմթերքի ներքին պահանջարկը կվերականգնվի։ Ինքնաբավ կդառնա նաև հացահատիկի արտադրությունը։ Ասվածը թվերով է ներկայացնում։
«Նախկինում արտադրում էին ավելի շատ հացահատիկ, քան սպառում էին ներսում։ Այժմ, երբ 30 տոկոսով բուն Արցախի տարածքից են կրճատվել հողատարածքները, ի վիճակի են նորից արտադրել նույն քանակությամբ հացահատիկ»։
Ադրբեջանին է մնացել Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանը՝ իր այգիներով, բացի Կատարոյից գինու՝ ևս երկու արտադրամաս է մնացել թշնամուն։ Արցախում պատրաստվում են ինետնսիվ գյուղատնտեսության միջոցով լրացնել կորցրած տարածքների բացն ու հասնել բերքի ստացման առավելագույն աստիճանին։




