
Լոկ թղթային օրենքներն ինչպես դարձնել գործնական, ինչպես անել, որ դրանք նպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն ու գյուղատնտեսության եկամտաբերությանը։
Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը խոսում է գյուղացիներին առնչվող մի շարք խնդիրների մասին` ոռոգման համակարգեր, բերքի իրացում, վերամշակող ձեռնարկությունների քաղաքականություն։ Խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։
«Գյուղերում և մթերող կազմակերպություններում մեծ աժիոտաժ է, լարված վիճակ, մթերող կազմակերպություններն ամբողջ ծավալով չեն մթերում, գնային հսկայական տարբերություններ կան»:

Վերամշակող ձեռնարկությունները կիսով չափ կրճատել էին խաղողի մթերման քանակը, պակասեցրել գինը: Կար խաղողի ավելցուկ կա և պարենի անվտանգության խնդիր: Այս գործում գյուղացիները կարևորում են պետության աջակցությունը: Նորավան համայքից Գոհար Բարսեղյանը համոզված է, որ գյուղատնտեսությանը վերաբերող որոշումներն ու օրենքները պետք է բխեն նաև գյուղացու շահերից:

Արմավիրի մարզում հող ունեցող գյուղացիները սեզոնին նույնպես գյուղատնտեսական վարձու աշխատանքով են զբաղվում.
«Մեզ մոտ միայն իրացման խնդիրն է: Բացի վարձու աշխատանքից ես ունեմ 30 տոննա կաղամբ, ես էդ կաղամբը չեմ կարողանում իրացնեմ: Միայն իրացման խմդիր ունենք, ուրիշ ոչ մի բանի խնդիր մենք չունենք: Ասում եք մարկետինգ, ես համամիտ եմ մարկետինգի հետ, բայց ձեր էդ գրքային բաները էլի օգուտ չեն տալիս: Եթե ես ինքս տեսնում եմ, որ հարևանս բրոկոլի դրեց ու օգտվեց, հաջորդ տարի ես դնում եմ, բայց էլի իրացման խնդիր եմ ունենում»:

Երիտասարդները կարծում են, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար պետք է հասկանալ հողի լեզուն, տիրապետել մշակաբույսի աճեցման տեխնոլոգիային:
Տանձուտ գյուղից Մելինեն մշտապես հետևում է իրենց համայնքում հողի հետ կռվող, բայց ցանկալի արդյունք չստացող գյուղացիներին և եզրակացրել՝ ստանում են մեծ արդյունք, մյուսները՝ ոչ:

Այստեղ կա նաև գրագետ գյուղատնտեսություն հասկացությունը և ես կարծում եմ, որ այն մարդիկ, ում մոտ լավ է ստացվում, կարողանում են էդ չարչարանքից լավ արդյունք ստանալ՝ իրենք պետք է զբաղվեն, իսկ մյուսները պետք է հասկանան, որ դա իրենց գործը չի և պետք է զբաղվեն այլ բանով: Բայց քանի որ այստեղ այլ աշխատանք չկա կամ իրենք չեն կարողանում ուրիշ բան անել, նորից ստիպված շարունակում են, և ամեն տարի ավելի շատ վարկ են վերցնում, ընկնում պարտքերի տակ»:

Յուրաքանչյուր մարզում գյուղատնտեսությունը տարբեր է, բայց խնդիրներն են նույնը: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյան.
«Արդյունքները մենք գրառում ենք, հիմնական մտքերը վերցնում: Մեթոդաբանության համաձայն մենք մշակելու և ԱԺ մեր գործընկերներին ենք տալու վերլուծական փաստաթուղթ, որտեղ կերևա, թե գյուղացին այսօր ինչ խնդրի է բախվում և ապագայում նոր ծրագրեր, նոր օրենքներ ընդունելիս ինչ խնդիրների վրա հատկապես պետք է ուշադրություն դարձնել»:

Արմեն Գալսյանը եզրակացնում է, որ ժողովրդավարության կարևոր պայմաններից մեկը՝ երբ քաղաքացիները մասնակցում են այն օրենքների մշակմանը, որի կրողն անմիջապես իրենք են:




