ԿարևորՀասարակություն

Արցախցի տաղանդավոր երեխաների սովորական երազանքները

Դեռ երկու ամիս առաջ՝ պատերազմական օրերին, երբ մեծահասակները խնդրեցին արցախցի երեխաներին նամակ գրել Ձմեռ պապին այն ակնկալիքով, որ նրանցից շատերը կխնդրեն խաղաղություն, ստացան հետևյալ պատկերը․

«Մենք թողեցինք, որ նրանց միայնակ գրեն՝ առանց մեր միջամտության։ Նրանց ցանկացածը խաղալիքներ էին, գրքեր, որ չլինեն անտուն կենդանիներ և յուրաքանչյուր 10 երեխայից ընդամենը 2-ն էին գրում պատերազմի ու խաղաղության մասին։ Երեխաներն այնքան բարի են, նրանց ցանկություններն՝ ավելի, և պատկերացրեք, թե պատերազմը նրանց ուր է հասցրել»,-ասում է Հեռիփսիմե Մխիթարյանը։

Նախաձեռնության նպատակներից մեկն էր արցախցի դեռահասների մոտ հոգեհուզական լարվածության նվազեցումը, ստեղծագործական մտքի զարգացումն ու պատերազմական օրերին հայրենիքին ու հայրենակիցներին աջակցելու հնարավորությունը։ Ծրագրի կազմակերպիչները հիմա էլ փորձում են կապ պահել երեխաների հետ, քանի որ նրանցից շատերը պատերազմի պատճառով հայտնվել էին սթրեսային վիճակում։ Հոգեբանի խոսքով, շատ ավելի կարևոր է ծնողների հետ աշխատանքը․

«Մի փոքր օրինակ բերեմ ծնողները փորձում են ցույց տալ, որ ամեն բան լավ է, որ պատերազմն այդքան սարսափելի բան չէ, բայց միաժամանակ այնպես են գրկում նույն պահին իրենց երեխաներին, որ հուզական դաշտը հակասում է ասված խոսքերին, իսկ երեխաները դա շատ լավ հասկանում են և դա ազդում է նրանց վրա»։

Ծրագրի հաջորդ նպատակը արցախցի երեխաների համար վարպետության դասեր կազմակերպնելն էր։ Տեքստիլ  նկարչություն, գոբելենագործություն և  ուլունքագործություն․ ահա այն հմտությունները, որոնք սովորեցին Արցախից եկած երեխաները Learn to create new Artsakh ծրագրի շրջանակներում UCAN նորաձևության կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում։ Երեխաների համար վարպետության այս դասերը վերածվեցին փոքրիկ աշխատանքի, որոնց պտուղները քաղում են մինչ այսօր։ UCAN կենտրոնի հիմնադիր տնօրեն Մանե Մխիթարյանն ասում է, որ երեխաների արտադրանքը ներկայացնելու և սպառելու համար ստեղծված հատուկ կայքն ուշադրության արդեն արժանացել է, ունեն դրսից պատվերներ, ամենապահանջվածները՝

«Ուլունքագործ աշխատանքներն են, հիմնականում թևնոցներ, ականջօղեր, որոնց տեսականին երեխաների համար հատուկ պատրաստված կայքում ներկայացված է»։

Մանե Մխիթարյանը պատմում է, որ գաղափարը ծնվեց այն պահին, երբ հասկացան, որ բանակի կողքին զենքով կանգնել չեն կարող, և իրենց զենքը ստեղծագործ միտքը և հմտությունները արցախցի երեխաների հետ կիսելն է։ Մշակեցին ծրագիրն ու անցան գործի։ Հիմա երեխաներից շատերը, որոնք արդեն վերադարձել են Արցախ, շարունակում են զբաղվել արդեն սիրելի դարձած գործով․

«Առաջին հերթին երեխաները ծանոթացան ազգային նախշերին, սովորեցին ինչպես օգտվել այս կամ այն գործիքից, ինչպես պատրաստել աշխատանքային սեղանը, ինչպես գծագրել հայկական էսքիզներ։ Նաև հուշանվերներ պատրաստել սովորեցին, ինչպես նաև աշխատանք` թելերի հետ»։

Առջևում ամանոր է և ամանորյա հրաշքին սպասում են աշխարհի բոլոր երեխաները, այդ թվում և արցախցի։ Նրանց սպասումները անկատար չպետք է մնան։

Կարդացեք նաև

Back to top button