ԿարևորՏնտեսական

Անկախ անորոշությունից՝ պետք է շատ փող ծախսել․ փորձագետներ

Անորոշություն․ Հայաստանի՝ հետպատերազմյան տնտեսությունն այսպես  է գնահատում Բանկերի միության նախկին նախագահ, միջազգային փորձագետ Աշոտ Օսպիյանը։ Թվարկելով ռիսկերը` ընդգծում է՝ ֆինանսական շուկայում արտարժույթի խնդիր  կարող է առաջանալ, վարկային պորտֆելի ու բանկերի  իրացվելիության վատացում։

Բանկային կառավարման դպրոցի հիմնադիր, տնտեսագետ Աշոտ Օսիպյան. «Իրացվելիությունը  ավելի  խորանում է, քանի որ հետպատերազմական իրավիճակում ֆինանսական շուկաները փակվում են, վստահությունը նվազում է։ Արտարժույթի հետ կապված ռիսկեր նույնպես ունենք։ Սա հետպատերազմյան իրավիճակում նորմալ երևույթ է։  Պետք է ազնիվ լինենք՝ պետությունում շատ վատ սպասումներ են տնտեսության զարգացման հետ կապված»:

Պետք է սպասումները փոխել՝ առաջարկելով զարգացման    առաջարկները, իսկ ամենակարևորը՝ սպառող երկրից  դառնալ արտադրող երկիր։ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հիշեցնում է՝ պատերազմից առաջ էլ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր։

Այժմ արդեն ակնհայտ է, որ աշխարհի տնտեսության վրա քովիդը, Հայաստանի տնտեսության վրա էլ քովիդն ու պատերազմը ռիսկեր են առաջացրել․ «Գործազրկության  ավելացում է կանխատեսվում, ակնկալվում է, որ ներդրումները կնվազեն։ Միջազգային կառույցների գնահատականը, որ զարգացող երկրներում 2020թ դրսից միջոցների ներհոսքը շուրջ 60 անգամ  ավելի պակաս է լինելու, քան  2008–2009թթ ֆինանսական ճգնաժամի ժամանակ է։  Սա պետք է նկատի ունենանք մենք»։

Բանկերի միության նախկին ղեկավարն  ընդգծում  է՝ պետք է այնպես անել, որ անորոշությունից անկախ, Հայաստանում փող ծախսվի,  տնտեսությունն այս դեպքում կակտիվանա։ 

«Բանկերը կարիք ունեն 1-2 մլրդ դոլար վարկավորման, որի խնդիրը պետք է լուծի պետությունը։ Վարկերը պետք է լինեն ցածր տոկոսադրույքով, որ  բանկերն էլ կարողանան մինչև պատերազմն ու քովիդը եղած տոկոսադրույքով վարկավորել իրենց  հաճախորդներին»:

Երկրում եղած ամբողջ ազատ փողն օգտագործելու համար, ըստ Աշոտ Օսիպյանի, պետք է ամեն գնով նպաստել և´ բիզնեսի, և´ բնակչության տանը պահած մեծ ու փոքր խնայողությունները բանկեր տանելու գործին:

Ֆինանսական համակարգի համար   ճիշտ կլինի էժան հիփոթեքի միջոցով խթանել նաև անշարժ գույքի շուկան: Հայաստանը վարկակենտրոն երկիր է, պետք է դառնալ ներդրումների խրախուսման երկիր։ Օսիպյանն ասում է՝ լոզունգների փոխարեն պետությունից ռեալ քայլ են սպասում. մեկ-երկու ծրագրով և´դրսի ֆինանսիստներին, և´ տեղի գործարարներին ճանապարհ ցույց տալ:

Վերանայվել է հաջորդ տարվա տնտեսական աճի կանխատեսումը։  Նախապես կանխատեսված 4.8-ի փոխարեն սպասվում է 3.2 տոկոս աճ:  Վերանայվել է նաև ՀՆԱ-ի չափը, որն էլ իր ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների, բյուջեի պակասուրդի վրա:

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան․ «Այնպես չէ, որ այդ 3.2 տոկոսն ամենահեշտ սպասվող կամ որևէ ջանք չպահանջող տնտեսական արդյունքն է, այն ենթադրում է քրտնաջան աշխատանք»:

2021-ին կանխատեսվում է բյուջեի 5,3 տոկոս դեֆիցիտ։ Դա պետք է ֆինանսավորվի փոխառու միջոցների ներգրավմամբ։ Ռիսկեր թեև կան, բայց նախարարը վստահ է՝ ներդրողները խոհեմ կլինեն: Հնարավորություն կլինի ներգրավել այնքան պարտք, որքան անհրաժեշտ է: Բայց դա չի մեծացնի պետական պարտքի բեռը՝ խոստանում են կառավարությունում։

Կարդացեք նաև

Back to top button