
Ինչ կարող էր տալ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Ինչու դա չարվեց նախորդ պատերազմների ժամանակ։ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարարը հայտնել է, որ Ապրիլյան պաատերազմի ժամանակ՝ 2016 թ-ին, բոլոր փաստաթղթերը պատրաստ են եղել Արցախի ճանաչման համար։
«Ինչու 2016 թվականին չճանաչվեց։ Պետք է հաշվի առնել, որ ռազմական գործողությունները դադարեցվեցին 3․5 օրվա ընթացքում։ Այն ժամանակ Հայաստանը բոլոր փաստաթղթերը պատրաստել էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար, բայց հրադադարի ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, ու եթե ձախողվեին, Հայաստանը կճանաչեր»,- ասել է Նալբանդյանը։
ԱԳՆ նախկին ղեկավարի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս իրենց դիրքորոշումը հայտնել են, որ քանի դեռ ընթանում է բանակցային գործընթացը, ճանաչումը հարվածի տակ կդնի բանակցային գործընթացը, ահա թե ինչու 2016 թվականին չարվեց։
«Ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, երբ հրադադարի երեք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, բայց ամեն անգամ խախտվում էին, բոլոր հիմքերը կային Լեռնային Ղարաբաղը ճանաչելու համար և դա կարող էր օգուտ բերել»,- ասել է Նալբանդյանը։
Ընդամենը երեք շաբաթ առաջ հստակություն չկար՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարո՞ղ են արտգործնախարարների մակարդակով պայմանավորվել հերթական հայտարարության շուրջ, որն ընդունվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գոյության փաստացի ամբողջ ընթացքում, բայց նրանք դա, այնուամենայնիվ, արեցին, նշեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ սա կարևոր է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո որոշակի հարցեր կային այն մասին, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն այնքան էլ միանշանակ չեն մոտեցել հայտարարվածին:
«ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանումն անչափ կարևոր էր, և դրանում շահագրգռված էին թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը: Ըստ էության, հաստատվել է, որ այդ ձևաչափը պահպանվում է և աշխատանքը կշարունակի: Այս հայտարարության մեջ հստակ նշված է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելությանը համանախագահող երկրների լիակատար աջակցության մասին: Սա նույնպես անչափ կարևոր պահ է»,- ամփոփեց նա:
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա գլխավոր հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ռուսաստանի ղեկավարության հետագա հայտարարություններում նշվել է, որ հարցը բաց է մնում և կարող է քննարկվել հետագայում:
Ըստ նրա` դա շատ կարևոր կետ է, և այն քննարկվել է բանակցությունների տարբեր փուլերում, այդ թվում` Կազանում:
«Շատ կարևոր է, թե որքանով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկարողանան շարունակել բանակցությունները ժամանակավոր կարգավիճակի որոշման շուրջ: Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ, ինչպե՞ս է այն ղեկավարվելու: Կողմերի քննարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերի համաձայն` սա շատ լուրջ կետ է, որտեղ սահմանվում էր, որ ժամանակավոր կարգավիճակի ընթացքում Լեռնային Ղարաբաղը կձևավորի իշխանության բոլոր ճյուղերը, իրավապահ համակարգը և կունենա արտաքին հարաբերությունների հնարավորություն»,- նշել է նա:
Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-2018 թվականներին:




