ԿարևորՀասարակություն

Մտավորականների խոսքը պետք է լինի վճռորոշ

Մեկ հարկի տակ այսօր հավաքվել էին մտավորականները երկրի առաջ ծառացած խնդիրները քննարկելու համար։ Ոմանք կարծում էին, որ պետք է օր առաջ պահանջել երկրի ղեկավարի հրաժարականը, ոմանք էլ նշում էին, որ այս հավաքը ուշացած էր։ Մտավորակաները, սակայն, այս մեկ հավաքով չեն սահմանափակվելու։  

«Սա այն ուժն է, երբ երկրի առաջ ծառացած օրհասկան վիճակում պետք է իր խոսքը ասի»։

Իսկ խոսքը մտավորականների մասին է, որոնք այսօր հավաքվել էին մեկ հարկի տակ ու քննարկում էին երկրի առջև  ծառացած խնդիրները։  

«Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ գրականագետ Սերժ Սրապիոնյանը հայտարարեց, որ չի հիշում  պատմության մեջ մի ժամանակաշրջան, երբ երկրի քաղաքական ու սոցիալական կեցության առումով  հայտնված լինեին նման անելանելի իրավիճակում։

Ու հիմա նման իրավիճակից դուրս գալու համար մտավորականները պետք է  իրենց  հեղինակավոր ու վճռորոշ խոսքը ասեն։

«Այսօր վտանգը շարունակվում է, հինգ հազարից ավելի զոհեր, դրա կրկնակիի չափ հաշմանդամներ, անհայտ է, քանի անհետ կորածներ: Այս ցավից մենք ազատվելու ենք ամենածանր աշխատանքի ու հոգեբանական ինչ-ինչ հնարքների միջոցով: Սա անվերականգնելի կորուստ է, մենք երբեւէ չենք կարող այս կորուստները վերականգնել, Մեզ անվերջ ներարկեցին միտք մշակույթի ազգայնական վտանգավորության մասին, մեր գրականության ու պատմության վրայից քերեցին, հանեցին հիմնական մաշկը՝ հայ որոշիչը, մեր լեզուն դարձրին կամընտրական և ոչ պարտադիր, մինչդեռ մեր լեզուն մեր մեջ մտնում է մոր կրծքից կերած կաթի հետ և դուրս է գալիս միայն վերջին հոգոցի հետ»,- ասաց Սրապիոնյանն ու ցավով արձանագրեց

«մեզ բերեցին-հասցրին վերջին հոգոցին, երբ դուրս է գալիս մեր միջից մեր լեզվամտածողությունը»։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ նկատեց, որ այսօր վտանգված է մեր  երկրի հոգևոր անվտանգությունը և 2․5 տարիների ընթացքում մտավորականության թիրախավորումը զուգակցվում էր  նաև ազգային արժեքների հանդեպ տոտալ հարձակումներով և հայագիտական առարկաների դեմ հալածանքներով․

«30 տարվա ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը երբևէ չեն փոխել իրենց ընդգծված թշնամական քաղաքականությունը և դիրքորոշումը՝ Հայաստանի ու հայության նկատմամբ: Բայց, չգիտես՝ ինչու, կային շրջանակներ որոնք փորձում էին երկխոսել թուրքերի հետ, ներել նրանց, ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ կան լավ թուրքեր, ԱԺ իշխող ֆրակցիայի ղեկավարը հայտարարում էր, որ Թուրքիան չի միջամտելու Արցախյան հարցին։ Իսկ կրթության ոլորտի պատասխանատուներից մեկը, որն այս օրենքի գործի կարդինալներից է, խոսում էր, որ չի կարելի այրել Թուրքիայի դրոշը ապրիլի 23-ին՝ ջահերով երթի ժամանակ, որովհետեւ դա հանցագործություն է։ Այդ նույն անձը որոշում էր չափորոշիչները, որոնցով պետք է դաստիարակվեն սերունդներ»։

Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը տեսնում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը  պահանջելով։

«Այն մարդու, որը ազգային դավաճանության, հայրենազրկման պատճառն է: Մեկ մարդու վրա միգուցե չի կարելի բարդել, բայց այդ մարդը վերցրել է պատասխանատվություն, եւ պետք է գիտակցեր դրա չափը: Չի արել դա, եւ բնականաբար, պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։

Փիլիսոփայական մտքեր ու վերլուծույուներ կատարելու ժամանակներն արդեն անցել են․ ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը մտավորականների այս հավաքը համարեց ուշացած։

«Ես եղել եմ Արցախում, և նրանցից մեկն եմ, որ մարմնի և ուղեղի ծալքերով չի կարող ընդունել այն իրականությունը, որն այսօր տիրում է։  Մենք նույնպես պետք է դուրս գանք և մասնակցենք անհնազանդության ակցիաներին, պահանջենք գործադուլներ, քանի որ  վերջին երկու տարում  ԿԳՄՍ  նախարարությունը կատարեց ապազգային հայրենադավ  գործունեություն։ 2018 թ–ին պահանջում էինք մշակույթի նախարարի հրաժարականը, իսկ ի՞նչ եղավ այսօր, ինչո՞ւ չենք պահանջում, սպասում ենք, որ Նիկոլը գնա՞։ Բայց նա միայնակ չէ»։

Մտավորականներն այս հավաքով չեն սահմանափակվելու, նրանք առաջիկայում էլ նախատեսում են հանդիպումների շարք։

Կարդացեք նաև

Back to top button