
Խորհրդարանական հարթակում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է տարբեր նախաձեռնություններով ապահովել ընդդիմադիր պայքարը։ Աժ–ում այսօր քննարկվեց խմբակցության նախաձեռնություններից մեկը, իսկ մյուս՝ նոր նախաձեռնությունը դեռ նախապատրաստվում է։
Արցախի հողերի վաճառքին առնչվող ձայնագրությունը, որը երեկվանից տարածվում է համացանցում, Փաստահավաք խումբ ձևավորելու հիմք է տալիս, կարծում եմ ԼՀԿ–ում և մշակում համապատասխան փաստաթուղթ։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ըստ էության հաստատում է համացանցում տարածվող ձայնագրության իսկությունը, բայց չի մեկնաբանում այն և տարակուսում, թե ինչպե՞ս է նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իբրև Ալիևի միջնորդ Ղարաբաղի 7 շրջանների դիմաց 5 միլիարդ դոլարի առաջարկը Սերժ Սարգսյանին արել է Երևանում 2016 թվականին, երբ այստեղ կազմակերպվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։

Սա լուրջ հիմք է նախկինի և ներկայի հարցերը պարզելու նպատակով Փաստահավաք կամ պարիտետային խումբ ձևավորելու համար, որը պետք է գործի ոչ թե խորհրդարանական ձևաչափով, այլ՝ անկախ՝ այնպես, ինչպես մարտի 1–ի դեպքերից հետո ձևավորվեց Փաստահավաք խումբը, կարծում են «Լուսավոր Հայաստան»–ում և արդեն աշխատում են համապատասխան նախաձեռնության վրա։ Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ` այդ խմբում հավասար համամասնությամբ պետք է ներկայացված լինեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերն ու հանրային հատվածը։
«Կարծում եմ, մենք մեզ ամեն ինչ կարող ենք թույլ տալ մտածել։ Այդ տեսանյութը ես օրինակ պահպանել եմ։ Դա, կարծում եմ, պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է։ Այնտեղ պետք է կանչվի և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը ու յուրաքանչյուրը պետք է պատմի՝ ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել։ Կարևոր հարցեր կան՝ այդ գումարը առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՝ ՀՀ–ին, ինչ պայմաններով է առաջարկվել, ոնց է առաջարկվել, այդ նյութը ինչպե՞ս է սպրդվել մամուլ։ Բազմաթիվ հարցեր կան։ Եվ այս բոլոր նյութերը, ոչ միայն սա ։ Մի քիչ սպասեք՝ էլի նյութեր են լինելու սրա հետ կապված, սերիաներ կան։ Օբյեկտիվ քննություն պետք է գնա, որովհետև ամբողջ պատերազմի նախապատրաստման ընթացքը և ամբողջ պատերազմը, կարծում եմ, ամբողջությամբ պետք է քննվի»։
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլ»-ից Ալեն Սիմոնյանի համար տարածվող ձայնագրությունը հարցեր և առավել ևս մեկնաբանելու ցանկություն չի առաջացրել։

-Արցախի կապիտուլյացիան պատրաստել են, թղթերով գրել են, ստորագրել են, գծել են այն մարդիկ, ովքեր հիմա մեզ դրա մեջ մեղադրում են։ Այդ ձայնագրությունը, որ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ինչ–որ բան է առաջարկում, իսկ Սերժ Սարգսյանը ինչ–որ պատասխան է տալիս, դրա մեջ որևէ բան չեմ տեսնում։
-Հիմա ենթադրություններ կան, որ Փաշինյանը գնացել է այդ գործարքին։
-Հենա մտան Նիկոլ Փաշինյանի տուն, տեսանք ինչ ենթադրություն կարող էր լինել՝ 1 հատ 170 հազարանոց հայկական ժամացույց։
Խորհրդարանական մեծամասնությունն այսօր Աժ–ում յուրովի կազմակերպեց «Լուսավոր Հայաստան»–ի հերթական նախաձեռնության քննարկումը։ ԼՀԿ–ն առաջարկում էր հրատապ ռեժիմով և բաց քննարկման ձևաչափով անդրադառնալ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերի ընկած անձանց փոխանակման հարցին։ Խորհրդարանական մեծամասնությունը պնդեց և քվեարկությամբ ապահովեց՝ գերիների անվտանգությունը ապահովելու և գործընթացը չխաթարելու համար քննարկումը պետք է դռնփակ անցկացնել։ Սա փոխադարձ մեղադրանքների հերթական առիթ էր։
Ալեն Սիմոնյան․ «Ի լուր աշխարհի Աժ ձայնը լսեցնելու համար պարտադիր չեն այդ լսումները, պարտադիր չեն, որ այդ լսումներ նաև ի լուր մեր թշնամու լինի»։
Գևորգ Գորգիսյան ․ «Փակելով այս ամեն ինչը` դուք հերթական անգամ փորձում եք ուղղակի վախեցնել մեր քաղաքացիներին, հերթական անգամ նույն միֆերն եք տարածում։ Հերիք է խաբեք մեր քաղաքացիներին»։
Մարիա Կարապետյան․ «Եթե իսկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շահագրգռված լիներ դեպի միջազգային դերակատարների այս ուղերձի միաձայն փոխանցմամբ, ապա պիտի համաձայներ նիստի փակ ֆորմատին, սակայն, «Լուսավոր Հայաստան» խմբակցության հաշվարկներով ,այստեղ, ըստ երևույթին, կորչում էր ներքաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորությունը։ Սա քաղաքական ձեռնարկատիրություն է՝ վիշտը քաղաքական դիվիդենտի հետ փոխանակելու ձեռնարկատիրություն»։

Էդմոն Մարուքյան․ «Դրա ամբողջ իմաստը դեբատն է, քննարկումն է։ Այսինքն՝ պետական կառույցի ներկայացուցիչը պետք է ասի՝ ինչ քայլեր են անում, ինչը պետական գաղտնիք է, թող չասի։ Իրենք ուղղակի չեն ուզում, որ իրենց կողմից տապալված հարցով լինի բաց, հանրային քննարկում։ Այդքան բան»։
Գերիների հարցով դռնփակ քննարկումը, ամեն դեպքում, խորհրդարանում կայացավ առանց կառավարության ներկայացուցչի, տեղեկացրեց Էդմոն Մարուքյանը։ Խորհրդարանի կողմից միջազգային կառույցներին ուղղվող հայտարարությունը մշակվել էր նախապես՝ երեկ փաստաթղթի վրա աշխատել էին, ինչպես «Իմ քայլ»–ն ու ԼՀԿ–ն, այնպես էլ՝ ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել այսօրվա աշխատանքներին։ ԱԺ նախորդ քառօրյա նիստի ընթացքում խմբակցության անդամները հայտարարել էին, որ իրենց համար այժմ չկա այլ օրակարգ, բացի վարչապետի հրաժարականը:




