ԿարևորՀասարակություն

Անօթևաններ դեռ կան․ արվեստը հույս է տալիս, բայց ոչ տանիք

Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,
հետո էլի խմեցինք,
որովհետև լացը պիտի լիներ երկար,
հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին
մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս
գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու
և երեխաների համար․․․

Բանաստեղծությունը Գյումրիում ծնված հայ Հովհաննես Գրիգորյանինն է, երգը՝  Ֆրանսիայիում ծնված հայ Շառլ Ազնավուրինը։ 88–ի այս օրը աշխարհը ուղիղ ու փոխաբերական իմաստներով ցնցած ցավը համահայկական էր, գուցե՝ համամարդկային։ Ցավից մահացան մարդիկ, ծնվեց արվեստ ու հույս։

2020–ին Երևանում եմ, գրասեղանիս 88–ի Գյումրու կորուստն է՝ շոշափելի, հողեղեն, սևով՝ սպիտակի վրա գրված․

Էպիկենտրոն՝ Սպիտակի Նալբանդ գյուղ,
խորություն՝ 20 մետր,
ուժգնություն՝ 10 բալ,
տևողություն՝ 40 վայրկյան։

Տառերի ու թվերի այս կույտը ասում է՝ 32 տարի առաջ այս օրը 40 վայրկյանում Հայաստանի 40 տոկոսը նոր անուն ստացավ՝ «Աղետի գոտի»։

Ականջակալներումս Ազնավուրն է, էկրանիս՝ Գրիգորյանի բանաստեղծությունը։ Կորստից ծնված արվեստը գնահատելի է, մենք, անխոս, գեղեցիկ տառապել կարողանում ենք։ Սակայն դիմացս դրված թուղթն այլ բան էլ է հուշում․ տարածքը, որն աղետի գոտի էր 32 տարի առաջ, այդպիսին է նաև այսօր։

Երկրաշարժի արդյունքնում զոհվեց 25 000 մարդ, հաշմանդամություն ձեռք բերեց 140 000–ը, իսկ շուրջ 500 000 մարդ դարձավ անօթևան։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյան․

«Երկրաշարժի պահին Շիրակի մարզում փլվել էր կամ բնակության համար ոչ պիտանի էր դարձել 22 678 բնակարան, վթարային էին դարձել 4033–ը, որոնք 3-րդ աստիճանի վթարային էին և ենթակա էինք ամրացման, վերականգնման։ Փլված բնակարանային ֆոնդը ամբողջովին վերականգնվել է, իսկ վթարայինները՝ ոչ բոլորը, այս պահին մարզում ունենք 114 բազմաբնակարան բնակելի շենք, որոնք ամրացման կարիք ունեն»։

Վերջին անգամ հաշվառում արվել է 2008 թվականին։ Միայն Գյումրիում այդ ժամանակ եղել է գրեթե 4300 անօթևան ընտանիք։ 12 տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում Շիրակի մարզում դեռևս 148 ընտանիք համարվում է անօթևան։

Աղետի գոտում բնակարանային ապահովմանը միտված տարբեր ծրագրեր են գործում։ Դրանցից մեկի՝ պետական ծրագրի մասին պատմում է Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից Տանյա Արզումանյանը։ Ծրագիրը մեկնարկել է 2008–ին, զբաղվում է համայնքների ղեկավարների կողմից այդ ժամանակ հաշվառված, շահառու դարձած մարդկանց խնդրով․

«Փաթեթների ուսումնասիրության արդյունքում շահառու է ճանաչվել 5406 ընտանիք, իհարկե այդ թիվը կարող է որոշակի աճման միտումով փոփոխվել, բնակապահովման իրավունքը վերականգնելու համար դատարան դիմած ընտանիքների հաշվին։ Այդ շահառուները Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզի բնակիչներ են»։

Այս ծրագրի շրջանակներում 2008-17 թվականներին լուծվել է 4838 ընտանիքի խնդիր։ այս պահին իրենց խնդրի լուծմանն է սպասում շահառու ևս 229 ընտանիք։

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-հետազոտող Անահիտ Սիմոնյան․

«Չի եղել քաղաքական կամքը այդ խնդրի հաղթահարման համար։ 32 տարի պետությունը շարունակաբար խախտել է հարյուրավոր մարդկանց մի շարք իրավունքներ։ Մենք խոսում են անօթևանության մասին, բայց սա կապակցված և այլ խնդիրների հետ հատվող խնդիր է։ Իրականացված ծրագրերից ոչ մեկը չի ենթարկվել պատշաճ մոնիթորինգի, գնահատում չի եղել, և սա է առաջնային խնդիրներից մեկը»։

Խնդիր է թերևս նաև այն, որ պետական տարբեր կառույցներ, անգամ նույն կառույցի տարբեր ստորաբաժանումների աղետի գոտում բանակարանային խնդրի մասին խոսում են տարբեր թվերով։ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյան․

«Իրականությունն այն է, որ 4000-ից ավել տնակներում դեռևս ապրող մարդիկ կան։ Այս տարիներին առնվազն 4 իշխանություն է փոխվել, 4 պատասխանատու կամ 4 անպատասխանատու ես կասեի։ Հայտարարել, որ երկրաշարժի գոտին զարգացման գոտի է, աղետի գոտի չէ և այլ, այս ամենը աղետի լուծմանը չեն նպաստել։ Նույն ընթացքում նաև տեղական իշխանությոյւններ են փոխվել, պատասխանատուներ են փոխվել։ Սա էն է, ինչը ոչ թե օգնել է, այլ խանգարել»։

Ինձ ոչ ոք այնպես չի տանջել, ինչպես դու
դու, որին սիրել եմ,
ինչպես ոչ մեկին…
Եվ հիմա ինչպես պիտի ապրեմ  ես,
իմ սևավոր քաղաք,
այս վիթխարի գերեզմանոցը
սրտիս մեջ:
Եվ հիմա ինչպե՞ս պիտի ապրեմ
ես,
որ մոլորված քայլում եմ քո փողոցներով․․․

Ազնավուրի, Գրիգորյանի, ցավը մուսա դարձրած մյուս ստեղծագործողների արվեստն ապրում է, ապրում են նաև գյումրեցիները, շարունակում են ստեղծել, արարել, հուսալ։ Պետությունն էլ է շարունակում, աշխատում է, թվեր ներկայացնում։ Սակայն Հայաստանի 40 տոկոսին 40 վայրկյանում տրված աղետի գոտի արտահայտությանը մենք դեռ չենք կարող նայել որպես մեր պատմության տխուր, բայց ծածկված էջ։ Այն ոչ թե  անցյալ է, այլ իրականություն։

Իսկ 32 տարի անց դեռևս անօթևան ընտանիքները գուցե այս պահին ինձ հետ զուգահեռ Ազնավուր են լսում, սակայն դժվար է հավատալ, որ դա մեղմում է նրանց ցավը։ Արվեստը հույս կդառնա, տանիք՝ դժվար թե։

Կարդացեք նաև

Back to top button