
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության համար այս շաբաթվա առաջին նախաձեռնությունն այսօր կազմակերպվեց խորհրդարանում։ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժը, որը չի միացել «Հայրենիքի փրկության խորհուրդ»- ին և ունի իր սեփական թեկնածուն, առայժմ խորհրդարանական լսումներ է կազմակերպել՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։
Վաղը արդեն «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը՝ վարչապետի իրենց թեկնածուով նախաձեռնելու են իրենց միջոցառումները, քանի որ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար ժամկետ են տվել մինչև վաղը։
Վազգեն Մանուկյանի և Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի արդեն հայտնի թեկնածուների կողքին այսօր ավելացավ ևս մեկ թեկնածու, որի անունը հրապարակվեց ԱԺ ամբիոնից՝ խորհրդարանական լսումների ժամանակ։ Միքայել Մարգարյան անունը շատերին ոչինչ չի ասի, նա կուսակցական գործունեությամբ չի զբաղվում, բազմազավակ հայր է, միշտ ապրել է Հայաստանում։ Ամբիոնին մոտեցավ շարքային քաղաքացիների հավաքական կերպարը ներկայացնելու։

«Պատերազմը սկսել են նախկին իշխանությունները։ Բոլոր իշխանությունները չեն կանխել դիվանագիտությամբ այսօր կայացած պատերազմը։ Պատերազմը կասեցրել է դավաճան ներկա իշխանությունը։ Սակայն կռվել է միշտ ժողովուրդը։ 18–ին հեղափոխությունը հրահրեց նախկին իշխանությունը՝ երկիրը բերեց այն վիճակի, որ այլևս ապրել չէր ստացվում։ Իշխեց նոր կուսակցությունը, վարչապետը, պարզվում է, ընդամենը իր մտերիմներով։ Սակայն արդարության և երկրի բարեկեցության համար պայքարում էր ժողովուրդը։ Այսօր ժողովուրդը սգի մեջ է, պատերազմական վիճակում է, ես երկրորդ ամիսը չեմ հանում այս վերնաշապիկը և այդ հողի վրա այսօր տապալած և պատերազմը հանձնած իշխանությունը կամակորություն է անում, չի հեռանում, իսկ նախկինները այսօր հավաքվել են խունտայով և փորձում են վեր բերել այդ իշխանությունը և իբր թե շտկել, երկիրը բերել առաջ։ Աբսուրդ, նոնսենս, ուստի քանի որ ժողովուրդը այսօր ունակ չէ դուրս գալ փողոց, որովհետև այնքան անբարոյական չէ, ինչպես մնացածներդ եք, և ժողովուրդն այսօր պահանջում է իր իշխանությունը, որովհետև ժողովուրդն է տերը այս երկրի։ Իշխանությունը ես եմ։ Սիրելի խմբակցություններ, ընտրեք ինձ վարչապետ»։
Սա պարզապես ելույթ էր՝ հստակ քայլերով և առաջարկներով, բայց ոչ քաղաքական հայտ, ինչպես սովորաբար ընկալվում է։
Իսկ քաղաքական հայտ ներկայացրածները, ի դեմս Վազգեն Մանուկյանի և Էդմոն Մարուքյանի, իշխանափոխության հասնելու և ժամանակավոր կառավարություն ձևավորելու հարցերի շուրջ արդեն հանդիպել են և դեռ հանդիպելու են։
Սա հաստատեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը․

«Կա նման նախաձեռնություն, պետք է հանդիպենք։ Կխոսենք, կշփվենք։ Ես կարծում եմ, որ որևէ ձևով չպետք է մենք ասենք՝ չէ իմն է ճիշտը ամենա և ես պետք է այսպես անեմ կամ այն մյուսը ասի՝ չէ իմն է ճիշտը ամենա, ես պետք է անեմ։ Այլապես, չի ստացվի միասնական որևէ գործողություն, միասնական որևէ շարժում։ Հետևաբար, երբ կհանդիպենք պարոն Մանուկյանի հետ, ինքը իր մոտեցումները կներկայացնի, ես կամ մենք մեր մոտեցումները կներկայացնենք, կքննարկենք, շփումներ կլինեն, բնականաբար»։
Երկիրը ծանր վիճակից հանելու համար «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է 13 կետերից բաղկացած ճանապարհային քարտեզ։ Այն հրապարակել էր դեռևս նոյեմբերի 14–ին։ Հրատապ լուծում պահանջող հարցերից որևէ մեկը պատերազմից հետո գրեթե մեկ ամսվա ընթացքում դեռ չի լուծվել։ Քաղաքական այս ուժը բոլոր լուծումները տեսնում է բացառապես խորհրդարանի նիստերի դահլիճում։ Այդ դեպքում լուծումների մասնակիցը պետք է դառնա նաև խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, իր քվեարկությամբ։ Այս տարբերակում իշխանափոխության համար վտանգներ են տեսնում թե արտախորհրդարանական դեմոկրատական կուսակցությունը, թե խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան»–ը։

Արամ Գ․ Սարգսյան․ «Սցենարը, որը դուք նկարագրում եք, կարծես թե ընդունելի չէ։ Պատկերացնենք, որ դուք հիմա պահանջեցիք և նա հրաժարական տվեց, որից հետո «Իմ քայլը» խմբակցությունը իր բացարձակ մեծամասնությամբ ընտրեց իր սեփական թեկնածուին։ Ի՞նչ է փոխվելու դրանից»։
Նաիրա Զոհրաբյան․ «Շարժումը նրան տվել է հեռանալու հումանիտար միջանցք մինչև վաղը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, մեր երկրում պետք է վերականգնենք համերաշխության մթնոլորտը։ Լինելու են սահմանադրորեն թույլատրելի անհնազանդության բողոքի ակցիաներ, ինչպես ասում էր այստեղ Արարատ Միրզոյանը հեղափոխության տարիներին։ Այո, չկա որևէ շենք, որ մենք չկարողանանք մտնել, որովհետև մեր պայքարը արդար է»։

Եթե քաղաքական շրջանակների մի մասի համար ամեն ինչ հստակ է` իրենց հետագա քայլերի հետ կապված, ապա քաղաքական դաշտում կան այնպիսի ուժեր, որոնք դեռ կողմնորոշվելու խնդիր ունեն։ Այդպիսի կուսակցություններից է օրինակ «Ժառանգությունը»։ Քաղաքական ուժի ղեկավար Նարինե Դիլբարյանի ձևակերպմամբ՝ կոնսենսուս ձևավորվել է առայժմ միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալու շուրջ․
«Խնդիրը հետևյալն է՝ հեռանալուց հետո ինչ պետք է լինի, մենք ինչ ենք անում, ով է գալու։ Եվ այդ «ով»–ը ես շատ կուզենայինք, որ այսօր ճշտեինք, որ չի լինելու պարզապես անձ, այլ լինելու է ծրագրի, գաղափարների համախմբում։ Հիմա զուտ կուսակցական կառավարության հանդեպ և կուսակցապետության հանդեպ ահավոր ճգնաժամ է։ Կարծում եմ, որ վարչապետի թեկնածու առաջադրած բոլոր ուժերը պետք է ներկայացնեն այն թիմը, որոնց միջոցով առաջ են գնալու։ Մենք անձ չենք կարող վերստին ընտրել։ Վստահելու ենք գաղափարին, թիմին, մարդկանց»։

Թեև լսումները խորհրդարանական էին, բայց ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները քննարկումներին չմասնակցեցին։ Շենքում էին, շփվում էին լրագրողների հետ, բայց լսումներին դահլիճ չմտնելու որոշումը սկզբունքային էր։ Դա հասկանալի է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի մեկնաբանություններից․
«Ես լսում եմ տարբեր մարդկանց ելույթներ և չեմ տեսնում իրավիճակից ելնելու որևէ առաջարկներ, այլ տեսնում եմ մարդկանց դեպի ագրեսիվություն տանելու հորդորներ։ Ընդհանուր որպես երևույթ եմ ասում։ Այս հարցերը այսպես չեն քննարկվում, չի քննարկում առանձին մի տեղ հավաքված մարդկանց մի խումբ, որը պահանջում է մի բան և առանձին մի շենքում նստած կառավարություն, որը այլ բան է ասում։ Ցանկացած հարց լուծվում է բանակցություններով»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար պետք է ոչ թե պահանջներ ներկայացվեն, այլ՝ միասնական աշխատանք լինի գաղափարների և ծրագրերի շուրջ։ Միաժամանակ համոզված է՝ պետությունն իր ինստիտուտներով պետք է շարունակի աշխատել։ «Ցանկացած օրենք խախտող մարդը պետք է համապատասխան պատասխանատվություն կրի»,- զգուշացրեց իշխանական պատգամավորը։




