
Այս պատմությունը հաղթանակի մասին է, մեր 44 օր տևած պայքարի, պատերազմի, ստեղծած նոր պատմության ու այսօրվա բանակի հաղթանակի մասին։ Պատմությունը մի քանի մասից է բաղկացած, մի քանի ենթավերնագրից ու հերոսների կյանքի պատմություններից։ Այսօրվա պատմությունը Արամի մասին է։ Իսկ Արամն այս պատմությունը վերնագրեց «Կյանքի անցած ու չանցած օրեր»։
Արամը ժամկետային զինծառայող է, Սուրբ Թերեզայի անվան բժշկական քոլեջի ուսանող, միջազգային սպորտի վարպետ, Սու Ջաոյի աշխարհի չեմպիոն։ Բայց այս անգամ իր պատմությունը պատերազմի մասին է։
«Ընդհանրապես նման չի մեր պատկերացրած պատերազմը իրական պատերազմին։ Պատերազմի մասին պատկերացումներս կինոների նման է եղել, որ մենակ ես եմ կրակում, ինձ չեն կրակում, կամ որ միշտ հաղթելու ենք, բայց իրականում տենց չի, իրական պատերազմն ավելի դառն է ու սառը։ Զոհեր են լինում, ու դու էլ գիտակցում ես, որ հնարավոր է հաջորդ պահին դու էլ չլինես, ու դա շատ դժվար է»,– ասում է Արամ Արմենակյանը։

Արամ Արմենակյանը Մարտակերտում է ծառայել, արժանացել է «Մարտական Խաչ» 2–րդ աստիճանի շքանշանի։ Ես ու գործընկերս ամեն կերպ փորձեցինք հարցերով պարզել, թե ինչ կարևոր գործողությունների է մասնակից եղել, բայց Արամը դրանց մասին խոսել չի ցանկանում, նախ դրանք ռազմական գաղտնիք են պարունակում, բացի այդ չի ուզում իրեն ու իր զինվորներին առանձնացնել։
«Ես ջոկի հրամանատար եմ եղել, կրտսեր սերժանտ, ես էլ ունեի իմ ենթակաները իմ զորքը, ես իրանց համար էլ էի պատասխանատու, այսինքն, եթե հանկարծ իրանց ինչ–որ բան լիներ իմ սխալ հրամանի պատճառով, իմ խղճի վրա էր մնալու»,– պատմում է կրտսեր սերժանտը։
Զինվորին հարցնում եմ պատերազմում զգացածի մասին, ասում է, որ առաջին րոպեներին վախի զգացողությունը շատ էր, չէին հասկանում ու պատկերացնում, թե ինչ է կատարվում։ Բայց այդ ամենը շատ շուտ վերածվում է զգոնության, սկսում ես մտածել ինչպես պաշտպանվել, ինչպես չմահանալ ու համախմբված լինել՝ մարտական գործողությունները հաջողելու համար։
«Մարտական ընկերներն ուրիշ են, ինչքան էլ քաղաքացիական կյանքում ընկերներ ունենաս, մարտական ընկերների հետ զգացածդ չես կարող զգալ քաղաքացիական կյանքում ունեցած ընկերներիդ հետ։ Մարտական ընկերներդ կռվում են բոլորի ու ամենակարևորը՝ նաև քո կյանքի համար։ Բացի այդ՝ բոլորս կռվում ենք ընդհանուր հայրենիքի համար, իսկ դա ավելի է մտերմացնում»,– պատմում է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիրը։

Մարտակերտում Արամենց դիրքերի վրա հաձակումներ շատ են եղել, հատուկ ջոկատայինների են ոչնչացրել․ կրտսեր սերժանտ Արմենակյանը վստահ է իրենց ցանկացած հաջողության հիմքում լավ հրամանատարն է ու մտածված հրամանները։ Արամը հպարտանում է․ Մարտակերտն ամբողջ երկայնքով ոչ մի դիրք չի հանձնել։
«Երբ մեզ «սմերչով» հարվածեցին ես կանտուզիա ստացա, վատացել էի, ուշագնաց եղա, բայց չէի ուզում հեռանալ․ մտածում էի, որ դա շատ վատ է, երբ մարտական դիրքդ լքում ես։ Բայց իմ ընկերը՝ Աղասը, ստիպելով հանեց զրահաբաճկոնս, կասկաս ու ստիպողաբար ինձ տարան, մեր դասակի հրամանատարն էլ ոտքի վիրավորում ուներ ինձ խաբեց, իբր ինքն էլ կգա իմ հետ հետո միասին կբուժվենք կվերադառնանք, բայց ինձ տարան, ինքը վերադարձավ։ Հետո ուշ հասկացա, որ խաբել ա ինձ, բայց էլ չէի կարող հետ գնալ»,– ասում է Արամը։
Մեր հաղթանակած հերոսը հիմա տանն է՝ կազդուրվելու, առողջանալու ու նորից մարտական դիրքեր վերադառնալու համար։ Արցախը շատ է սիրում, ծառայությունն անպայման այդ հողում է շարունակելու, բայց Մարտակերտ վերադառնալու մասին չի ուզում մտածել։
«Ճիշտն ասած չեմ ուզում Մարտակերտ գնամ, որովհետև ամեն մի շենքը, իրանց քնելու տեղը իմ զոհված ընկերներին է հիշեցնելու։ Դժվար ա էտ ամեն ինչի մեջ ապրելը․․․ հատկապես, որ կողքդ են զոհվում, մի րոպե առաջ իրար հետ ժպտում, խոսում էիք, հետո մեկ էլ ինքը չկա»։

Արամը գիտի, որ զինվորի համար միայն դուխը շատ քիչ է, անպայման պետք է գիտելիքներով զինված լինել հաղթանակի համար։ Ինքը՝ պնդում է հաջորդ հաղթանակի համար հենց այսօր պետք է ապագա զինվորներին պատրաստել։
«Դե հուսախաբություն էր, պարտվողի զգացողությունը շատ դառն է, չնայած էտ ամեն ինչը սպասելի էր, բայց չէինք ուզում համակերպվել։ Ամեն օր մենք լսում էինք, որ Ջաբրայիլը նահանջում է, Ջաբրայիլը գրավել են, Մատաղիսը գրավել են, մտել են Հադրութ, հասնում են Շուշի, գրավեցին Շուշին։ Ժողովուրդը մտածում էր, որ եթե Երևանի կամ Ղարաբաղի բոլոր տղամարդիկ հավաքվեն գնան Շուշին պահեն, Շուշին չէին գրավի, բայց իրականում տենց չի, պետք է ռազմական գիտելիքներ ունենալ, որ կարողանաս դիրքդ պահես»,– ասում է Արամ Արմենակյանը։
Երիտասարդ հերոսն իմ հարցին ի պատասխան ասում է, որ կյանքում ամենակարևոր բանը, որ արդեն արել է, պատերազմից տուն վերադառնալն է․ ասում է՝ երբ եկավ, բոլորը լաց էին լինում, նույնիսկ շունը։ Հիշում է պատերազմի առաջին օրերին իր անունը նույնիսկ զոհվածների ցուցակում է եղել։
«Դե պատերազմի առաջին 5 օրն ընդհանրապես տուն չէի զանգում․․․ մամաս անունս կարդացել էր զոհվածների ցանկում, դե ես էլ չէի կարողանում զանգեի, մտածում էի, որ կհասկանան, բայց հետո, երբ զանգեցի, չէի կարողանում մամայի հետ խոսայի, մենակ լացի ձայն էի լսում․․․ չէին հավատում, որ կենդանի եմ։ Մտածում էի, դե պապան տղամարդ է կհասկանա, քույրերս էլ կհասկանան, բայց մաման շատ էր տխրել»։

Արամն էլ տխրում է, երբ հարցնում են ապագայի՝ մեզ համար այնքան սպասելի հաղթանակի մասին․ ասում է, որ իր տեսած պատերազմից հետո չի հավատում, որ հնարավոր է մեր կորցրածը հետ բերել։ Բայց անհնարինը հնարավոր դարձնելու ուղին էլ գիտի․ պետք է բանակը հզորացնել ուժեղացնել ու անպայման զինվել նաև գիտելիքով։
«Երբ մենք 90-ականներին հաղթեցինք Ադրբեջանին, իրենք հաջորդած 30 տարիներին զինվել են, զարգացել են, շատացել են, իսկ մեզանում հակառակ պրոցեսն է եղել, կորուպցիայով թալանել են երկիրը, բանակը չեն զինել, զինվորներին նորմալ չեն նայել, զորքը հոգեպես պատրաստ չի եղել, դրա համար էլ պարտվեցին ու էս օրի ենք հիմա»,- պատմում է կրտսեր սերժանտը։
Մեր հաղթանակի մասին դեռ անավարտ այս պատմությունը մոտենում է ավարտին։ Իսկ վերջում պետք է խոսել ամենակարևորի մասին։ Արամ ասում է՝ սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել մանրուքներին, ավելի շատ ուրախանալ, ավելի շատ գնահատել ունեցածը, իսկ ամենակարևորը հիմա միշտ շտապում է ժամ առաջ տուն վերադառնել։ Այդ խոստումը կրտսեր սերժանտ Արամ Արմենակյանը մայրիկին տալիս է Հայաստանի հանրային ռադիոյի եթերից։
«Էս ամեն ինչից հետո խոսք եմ տալիս շուտ կգամ տուն»։




