ԿարևորՀասարակություն

Անհետ կորածների ճակատագիրը պարզելը՝ առաջնահերթություն

Տարբեր բաց աղբյուրներ, հատկապես՝ համացանցը. իրավապաշտպանները գերիների մասին տեղեկատվությունը  հիմնականում այս միջոցով են ստանում։ Նախօրեին  փոխվարչապետի գրասենյակը   հայտարարություն տարածեց, որ  Հայաստանն ու Ադրբեջանը գերեվարված քաղաքացիների ցուցակներ են փոխանակել։  

Հայաստանի ու Արցախի ՄԻՊ–երը պարբերաբար բարձրաձայնում են՝  Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունքում են հայ գերիներն այդ երկրում  խոշտանգվում։ 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան․ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները ակնհայտորեն ձգձգում են գործընթացը։ Ակնհայտորեն խաղում են այն էմոցիոնալ ֆոնի հետ, որը մեր երկրում ստեղծված է՝  վիճակն  էլ ավելի լարված պահելու համար»։

ՄԻՊ–ն իր զեկույցներում պարբերաբար  ու կոնկրետ ապացույցներով է ներկայացնում բոլոր այն  պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը։

Համացանցը ողողված է անհետ կորած զինծառայողների լուսանկարներով ու տվյալներով։ Նրանց պատմությունները տարբեր են, ճակատագրերը՝ նույնը։ Հարազատները փնտրում են ու ինֆորմացիայի սպասում։

ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ եռակողմ հայտարարությունը ստորագրելիս  էր պետք անհետ կորածների հարցը առաջնային դարձնել․

«Դա է ամենամեծ խնդիրը։ Այն այսօր ինչպե՞ս է լուծվում․ ծնողները իրենց իմացած ինֆորմացիան հայտնում են ինֆորմացիայի հավաքագրման կենտրոն, տեղեկությունները փոխանցում են Կարմիր խաչին ու ՌԴ խաղաղապահներին։ Վերջիններս սկսում են որոնումները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վրա է հասնում այն ժամանակ, երբ հայտնաբերվում են մարմիններ կամ, Աստծո կամոք, ողջ մնացածներ»։

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից  հայկական կողմը դուրս է բերել զոհված հայ զինծառայողների ավելի քան 600 մարմին` հայտարարեց ՀՀ վարչապետն ու ընդգծեց՝ կարևորագույն խնդիրներից մեկը մեր անհետ կորածների ճակատագիրը պարզելն է:

«Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին և ավելի քան 500 մարմին այս պահին գտնվում է ճանաչման փուլում»։

Փաշինյանը նաև հավելեց, որ կա անհետ կորածների ևս մեկ խումբ, որոնց հետ կապված հիմա չի ցանկանում բարձրաձայնել, բայց նրանց հետ կապված նույնպես կոնկրետ աշխատանք է տարվում:

Կարդացեք նաև

Back to top button