
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Անդրադառնալով երեկվանից շրջանառվող իր հավանական հրաժանականի մասին լուրերին՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ միանգամից հերքեց դրանք։
«Ես նման բան չեմ ասել: Իսկ ով է ինձանից հրաժարական պահանջել: Ես երեկ էլ Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել եմ, որ եթե երկրպագուներն ու ֆուտբոլասերները, ժողովուրդը ցանկանա, որ ես չլինեմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, միանշանակ, ես հրաժարական կտամ: Բայց այն մի քանի անձինք, ովքեր իրենց անձնական նկատառումներով և սիմպատիաներով որոշում են իրենց ֆորումներում գրել, որ ես հրաժարական պետք է տամ, դա անհեթեթություն է անլուրջ մարդկանց կողմից»,- ասաց նա։
Ազգային հավաքականն ինչո՞ւ պարտվեց Մալթայի հետ խաղում, երբ կարող էր փառահեղ հաղթանակ տանել այնպես, ինչպես օրինակ եղավ Դանիայի հետ խաղում: Ռուբեն Հայրապետյանը տալով իր մասնագիտական գնահատականը՝ նշեց, որ հավաքականը նախորդ խաղին մրցադաշտ դուրս եկավ չափազանց ինքնավստահ՝ թերագնահատելով Մալթայի հնարավորությունները։
«Մալթայի խաղին մեր ֆուտբոլիստները մտել են մարզադաշտ սուպերֆուտբոլիստների կարգավիճակով: Մտնում են մարզադաշտ թերագնահատելով Մալթայի հնարավորությունները ու պատժվում: Դանիայի խաղում նրանք արեցին այն, ինչ կարող էին և պարտավոր էին անել: Այսինքն՝ ցույց տվեցին այն խաղը, որը խաղում են 2-3 տարի: Հաճելի է, որ շատ լավ են խաղացել, բայց հերոսություն չեն արել»:
Իսկ ընդհանրապես Մալթայի հետ խաղի մեկնարկային կազմը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը գնահատում է նորմալ և ճիշտ ընտրված: Նա կարծում է, որ հավաքականը ճիշտ խաղալու դեպքում կհաղթեր անգամ 9 ֆուտբոլիստով:




