ԿարևորՀասարակություն

Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին

Ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերեվարված հայ ռազմագերիների նկատմամբ՝ հայտարարել է Human Rights Watch-ը:

Ռազմագերիները ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացման, և այս ամենը հոկտեմբերից սկսած նկարահանվել և լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում:

Տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են ադրբեջանցի առևանգողները տարբեր կերպով ապտակում և հարվածում հայ ռազմագերիներին, ակնհայտ ճնշման տակ և նվաստացման ակնհայտ մտադրությամբ նրանց ստիպում համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայհոյել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանինն է:

Տեսանյութերի մեծ մասում առևանգողների դեմքերը տեսանելի են, ինչը ենթադրում է, որ նրանք չեն վախենում պատասխանատվության ենթարկվելուց:

«Ռազմագերիների նկատմամբ բռնի և նվաստացուցիչ վերաբերմունքը չի կարող արդարացվել», — ասում է Human Rights Watch- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

«Մարդասիրական իրավունքը հստակ ընգծում է ռազմագերիներին պաշտպանելու պարտավորությունը: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ այդ վերաբերմունքին վերջ դրվի», — նշում է Ուիլյամսոնը:

Միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտության օրենքը պահանջում է, որ միջազգային զինված հակամարտության կողմերը բոլոր հանգամանքներում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին:

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում նշել է, որ Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ներկայացրել էր ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։

«Մենք շարունակում ենք միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործություններ: Նպատակն է ամեն ջանք գործադրել՝ աջակցելու համար գերիների վերադարձի ու զինվորների մարմինների փոխանակման րոպե առաջ կազմակերպմանը»,- գրել է Թաթոյանը։

Կարդացեք նաև

Back to top button