
Պատերազմը տևեց 44 օր։ Հրադադարից անցել է արդեն 21 օր։ Անհետ կորած զինծառայողների ծնողները այսքան օր հետո արդեն չեն խնդրում, պահանջում են, ասում են՝ պատրաստ են դիմել ցանկացած քայլի։ Կյանքում ամենակարևորն արդեն կորցրել են․ էլ կորցնելու բան չունեն։
Օրվա բողոքի ակցիայի մեկնարկը Էջմիածնի ինժեներական զորամասի մոտ էր։
«Այստեղից տարել են, այստեղից էլ եկել ենք մեր երեխեքին պահանջենք: Մենք Պաշտպանության նախարարություն ենք գնացել, Կարմիր խաչ էլ ենք գնացել, հանդիպել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինքը տեղեկացրեց, որ այդ շրջանները մեզ համար անհասանելի են, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Կարմիր խաչը չի կարողանում համագործակցել ադրբեջանական կողմի հետ։ Արդյունքում՝ մեզ ասում են պետք է սպասեք․․․ Ինչքա՞ն սպասենք»,– ասում են անհետ կորած զինծառայողների ծնողները։
Ծնողները պնդում են, որ մինչև այսօր իրենց որդիների գտնվելու վայրերում որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, այնինչ ծնողների խոսքով զինծառայողներից մի քանիսը կապի են դուրս եկել հարազատների հետ։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ պատրաստ են նույնիսկ սեփական հնարավորություններով ու միջոցներով գնալ ու մասնակցել որոնողական աշխատանքներին։ Զորամասի դիմաց հավաքված ծնողների հետ հանդիպեց զորամասի շտաբի պետ կապիտան Կամո Մալխասյանը։
«Այս պահի դրությամբ մենք մեր ուժերի չափով ամեն ինչ արել ենք, բոլոր տեղեկություններն ու տվյալները տրամադրել ենք հանձնաժողովի նախագահին։ Այս պահին տեղեկություն ունենք, որ որոշում կա և այսօր կամ վաղը կսկսվեն որոնողական աշխատանքներ այդ տարածքներում»,– ասում է Կամո Մալխասյանը։

Ծնողները պնդում էին, որ նման խոստումներ բազմիցս լսել են, և քանի որ պետությունը չի կարողանում իրենց խնդիրներին լուծում տալ, իրենք խնդրանքով կդիմեն Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Հետևաբար բողոքի հաջորդ հասցեն Երևանում Ռուսաստանի դաշնության դեսպանատունն է։ Ծնողները նամակը հանձնում են դեսպանատան աշխատակցին ու հույս հայտնում, որ հենց այսօր պատասխան կստանան։
Խնդրանք պահանջով նամակ փոխանցվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ Ամերիկայի դեսպանատուն։ Արվեստագետները Ամերիկայի դեսպանատան դիմաց նշում էին, որ մինչև այսօր ոչ մի գերի չի վերադարձել հայրենիք։ Նրանք հույս ունեն, որ իրենց քայլերով կարող են մի կաթիլ օգնություն ավելացնել այս հարցի լուծման համար։ Դերասան Հրանտ Թոխատյանը նշեց, որ նամակների պատասխաններիից բացի՝ ակնկալում են նաև դեսպանների հետ հանդիպումներ։
«Մենք հանդիպեցինք ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի հետ, նրան հանձնեցինք նամակ խնդրանքը։ Նամակը կփոխանցվի դեսպանին և պատասխանը լինելուն պես այն կուղարկվի մեզ»,– ասում է Հրանտ Թախատյանը։
Նամակների պատասխանները ստանալուց հետո արվեստագետները կպլանավորեն իրենց հետագա քայլերը։ Իսկ մինչ այդ անհետ կորած զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության դիմաց պահանջում էին հանդիպում նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։
«Փոխանակ դուրս գան բոլորի ձեռքը սեղմեն, 4 հոգու են հրավիրում ներս։ Այդքա՞ն են հարգում ծնողներին»,– ասում են անհետ կորած զինծառայողների ծնողները։
Մի քանի ժամ սպասելուց հետո անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպեցին Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ, որը, ծնողների խոսքով, խնդրել է սպասել ևս երկու օր, ինչից հետո նրանք կստանան այն հարցերի պատասխաններ, որոնց սպասում են արդեն 44 օր։




