ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև

305 կողմ ձայներով Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև։ Սենատորները ծափերով ընդունեցին որոշումը։

Բանաձևը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գրավական:

Սենատորները քննարկման ժամանակ անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությանը:

Այժմ պետք է Ֆրանսիայի Ազգային ժողովը ևս կողմ քվեարկի, որպեսզի Արցախի անկախության ճանաչումը Ֆրանսիայի կողմից դառնա օրենք՝ նախագահի կողմից վավերացվելուց հետո:

Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.

  • առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
  • դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
  • պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։

Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։

Կարդացեք նաև

Back to top button