
Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում քննարկել և բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ որոշման նախագծին։
«Կարծում ենք, որ օր առաջ ռազմական դրությունը հանելը կնպաստի, որ մենք կարողանանք գոնե քայլեր ձեռնարկել՝ մեղմելու այն ճգնաժամը, որն ունենք»,- ասել է խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով։
Սա նախագիծ է, որը չքննարկելու համար մեծամասնությունը 2 անգամ հրաժարվեց խորհրդի նիստ գումարել, և չի բացառվում, որ նոյեմբերի 26-ին էլ հրաժարվի արտահերթ նիստ հրավիրելուց:
Նույն օրակարգով խորհրդարանական ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել վաղը՝ նոյեմբերի 26-ին։ Այն կկայանա, եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայանան նիստին, և ապահովվի խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսի մասնակցությունը։




