
Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու զանգերը վաղ առավոտից ղողանջում էին. Արցախի մեր հայրենակիցներին էին տուն ճանապարհում։
Առավոտյան ժամը 8-ից Գյումրիի կենտրոնական հրապարակում Սբ. Յոթ Վերք և Սբ․ Ամենափրկիչ եկեղեցիների հայացքի ներքո իրենց հայացքն հառած առ Աստված, շուրջ 6 տասնյակ արցախցի մեր հայրենակիցնրը սպասում էին հերթական ավտոբուսին։ Տուն են գնալու՝ կարոտած ու անորոշությունն անտեսելով։

Մառլենա տատը Հադրութում է ապրել, իրենց տան կողքին չորս մեծ արկ է պայթել, սարսափով է հիշում, բայց չի երկնչում: Ընտանիքով, թոռներով հետ են վերադառնում, Ստեփանակերտում կապրեն՝ հարսի բարեկամների մոտ, մինչև իրենց ճակատագիրը որոշվի։
Եկեղեցու դիմաց, տիկին Մառլենայի ընտանիքի հարևանությամբ, ուղեբեռը դասավորել ու ավտոբուսին է սպասում Մկրտումյանների տասը հոգուց բաղկացած ընտանիքը։

Մկրտումյաններն էլ Մարտակերտում էին բնակվում, ասում են՝ հիմա էլ հենց Մարտակերտ ենք գնալու, իրենց տունը չի վնասվել։
Սամվել Մկրտումյան. «Մերը Մարտակերտն ա, մենք Մատակերտ ենք գնում։ Ռուսի բանակը էնտեղ է, եթե ռուսը խառնվել է, ուրեմն լավ կլինի»։

Ավելի հեռու իր 14 հոցուց բաղկացած գերդաստանով Սլավիկ Թևոսյանն է կանգնած։ Ընտանիքը հոկտեմբերի 3-ին է Գյումրի եկել, ինքն էլ նոյեմբերի 7-ին. չորս որդու հետ կռվում էր։ Հիմա որդիներն Արցախում են, ընտանիքն էլ գնում է՝ միավորվելու Ասկերանի շրջանի Պարտարա գյուղում։
Վերջապես ժամանեց ավտոբուսը, շուրջ 6 տասնյակ արցախցիներ, Յոթ Վերքի զանգերի ղողանջի ներքո ճարահատ լավատեսությամբ սկսեցին ուղեբեռը տեղավորել։

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյան. «Տեղափոխվում են Արցախի 58 քաղաքացիներ, հետագայում ցուցակագրվելու դեպքում ուղերթը կշարունակվի։ Նախորդ անգամ անցել են Բերձորով, ռուս խաղաղապահներն ուղեկցում են դեպի Ստեփանակերտ»:

Սա արդեն Գյումրի-Ստեփանակերտ երկրորդ երթուղին էր։




