ԿարևորՀասարակություն

Անհետ կորած զինվորների ծնողներն արագ ու անհապաղ քայլեր են պահանջում

Առավոտյան նրանք հավաքվել են նախ՝ պաշտպանության նախարարության, ապա՝  Հայաստանում Ռուսաստանի  դեսպանության  շենքերի դիմաց։ Օրվա երկրորդ կեսին ծնողներն արդեն կառավարության շենքի առջև էին։ Նրանց  մի մասին  այսօր ընդունել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը երեկ նույպես հանդիպել էր անհետ կորած զինվորների ծնողների հետ։

Այսօր՝ ռազմական ակտիվ գործողությունների ավարտից 14 օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ հանդիպեց անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։ Առաջին հանդիպումը երեկ էր։

«Բոլոր երեխաները  մերն են, կարևորը՝  գտնեն ու տան մեզ»․ այս խոսքերով,  շուրջ 300 ստորագրությամբ  նամակ–խնդրագրով   անհետ  կորած զինծառայողների  ծնողներն  այսօր առավոտյան   պաշտպանության նախարարության շենքի առջև էին, հետո՝ ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ։

Նամակը ստացել է դեսպանի խորհրդական  Անդրեյ Շանինը, խոստացել անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների խնդրանքը փոխանցել Ռուսաստանի կառավարությանը:

Ծնողների պահանջը մեկն է՝ աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում։ 

Ծնողների  պնդմամբ՝ շրջափակման մեջ են հատկապես  հարավային հատվածի զինծառայողները։ Գործողություններն արագացնելու ու անհապաղ քայլեր ձեռնարկելու  կարիք կա հատկապես այդ  ուղղությամբ։

«Գիտենք, որ այդ հատվածներում բազմաթիվ վիրավորներ ու դիեր կան։   Պատերազմի ընթացքում թերևս  ամենաշատ զոհերը եղել են Ջաբրայիլի տարածքում։ Քանի որ մեր 2100 հոգանոց գնդի   դեմ ադրբեջնական երկու կորպուս է հարձակվել՝ 8–10 հազար հոգի»։

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի  հաղորդակցման կապի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրեց՝  մարդասիրական կազմակերպությունը  կողմերի  հետ  մշտական կապի մեջ է, տարբեր աղբյուրներից  ստացված տեղեկատվությունը փոխանցում են իշխանություններին։ Նրանք են ի վերջո մշակում գործողությունների քարտեզը։

«Սա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  հետ ավելի շատ համակարգելու աշխատանք է, և մենք բնականաբար այդ հարցերով պատրաստ ենք աջակցելու տեղեկություններ ստանալու հարցում։ Առաջնային վայրերը որոշելը կողմերի խնդիրն է, ոչ թե՝ մեր»։

Հայկական կողմն ունի մի քանի հարյուր անհետ կորած, օրերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հստակ ցուցակ, թե  քանի գերի կա Ադրբեջանում, նույնպես  չկա, նման տեղեկատվություն կարող է ունենալ միայն Ադրբեջանը»,– «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ  Սահակյանը։ Նրա խոսքով՝ դեպքերը ուսումնասիրվում են, ապացույցները  վերլուծվում, դրանց հիման վրա է կառուցվում գերեվարության կանխավարկածը։

«Բոլոր այն դեպքերում, երբ կանխավարկածները հիմնավոր են, դառնում են իրավական գործընթաց, դատական գործեր, իսկ մնացյալը կարող են որակվել որպես գերեվարման հնարավոր դեպքեր՝ մինչև  նոր տեղեկատվության լրացման ճանապրահով  հերքվեն կամ հաստատվեն։ Ես ինքս մոտավոր բարձրաձայնել եմ, որ առավել քան 100 գերի ունի հայկական կողմը, այդ թիվը հայտարարելիս բնականաբար եղել են կոնկրետ դեպքեր, մի մասը՝ անվիճելի, մյուսների մասով թեև կասակծներ դեռևս կան, բայց գերեվարման վարկածն  ավելի հավանական է, քան հակառակը»։

Սիրանուշ Սահակյանը, վերլուծելով դեպքերը, ասում է, որ գերեվարման դեպքերը հիմնականում Հադրութից, Բերձորից, Կուբաթլուից, Զանգելանից, Ջաբրայիլից են։

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը մասնավոր նախաձեռնությամբ, լիազորագրերի հիման վրա  մոտ  35 հայցով  դիմել են ՄԻԵԴ։ Սահակյանի պարզաբանմամբ՝ երկու օր առաջ համացանցում տարածված տեսանյութում երևացող Էրիկ Խաչատրյանի գործով    իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանն  այսօր կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

«Այդ գործը միայն Էրիկ Խաչատրյանին չի առնչվում, այդ և այլ տեսանյութերում  պատկերն ամբողջացվում է։ Մենք ունենք ավելի մեծ թվով ռազմագերիների  մասին ինֆորմացիա, խմբային հայց ենք այսօր ներկայացնելու ՄԻԵԴ–ին»։

Ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերեվարման մասին տեղեկատվությունը կողմերը ստանում են տարբեր աղբյուրներից։ Այսօր ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որտեղ  նշվում է, որ  վերջին օրերին համացանցում լայն տարածում  գտած տեսանյութերի մի մասը ունեն  անհայտ ծագում,շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:

Այլ պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Կարդացեք նաև

Back to top button