
«Շանթ» հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատեց հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու մասին լուրը՝ հանդես գալով հայտարարությամբ։
«Շանթ» հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ: Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում»,- ասված է հեռուստաընկերության հայտարարության մեջ։
Արմեն Դուլյանին «Շանթն» աշխատանքից ազատել է «Ֆեյսբուքում» կատարած գրառման պատճառով։
Ինչպես լրագրողը հայտնել էր Yerkir.am-ին, «երեկ «Շանթի» լրատվության բաժնի ղեկավարը զանգահարել է իրեն եւ ասել, որ վաղվանից այլեւս աշխատանքի չգնա, քանի որ հեռացրել են աշխատանքից: «Ինձ, որպես պատճառ, ներկայացրել են այն, թե Facebook-ում ես անդրադարձել եմ այն փաստին, որ Ռուսաստանում Հանրային հեռուստատեսությամբ, որը նոր է ստեղծվել, ուզում էին անդրադառնալ Պուտինի ապահարզանի թեմային` կատակներով, ծիծաղելի նկարներ ցուցադրելով, սակայն պետական չինովնիկները թույլ չեն տվել հաղորդումը ցուցադրել: Իսկ ես զուգահեռներ էի անցկացրել եւ նշել, որ նույն այդ մտածելակերպը նաեւ մեզ մոտ է առկա»,- ասել է Դուլյանը՝ հավելելով, որ, չգիտես` ինչու, «Շանթի»ղեկավարությունն այդ գրառումն իրեն է վերագրել:




